Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին կմենամարտի

Սպորտ
44d3f695f42777485e101b01ec4b5224

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը կկայանա Գերմանիայի Շվերին քաղաքում: Մեր հայրենակիցը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:

Արթուր Աբրահամը Շվերինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հանդիպել է Վիլբեֆորս Շիհեփոյին: 

"Ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Եթե պարտվեմ, կհեռանամ բռնցքամարտից: Չեմ թերագնահատում Շիհեփոյին, սակայն վստահ եմ, ես եմ հաղթելու",- ասել է Արթուր Աբրահամը:

Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով օգոստոսի 24-ի (լույս 25-ի գիշերը) 00:20 - 00:30 ընկած ժամանակահատվածում):

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 40 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ:

5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: 

Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով: