Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը

Սպորտ
13a7192cd39be6adbfc92d6982f5e2e8

Սեպտեմբերի 5-16-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին 54 մասնակից երկիրների շարքում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը:

Մեր մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը նվաճելով 3 ոսկի և 1 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը:

55 կգ քաշային կարգում մեր ոսկե մեդալակիրը Օհան Գիքինյանն է, ըմբշամարտիկ Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալ է նվաճել 66 կգ քաշային կարգում, իսկ Վիկտոր Կազիշվիլին ոսկե մեդալակիր է դարձել 96 կգ քաշայինում:

Ի դեպ, միջոցառման հենց առաջին օրը մեզ համար նշանավորվեց ոսկե 3 մեդալներով , իսկ հաջորդ՝ երկրորդ օրը, 120կգ ծանր քաշային կարգում բրոնզակիր է դարձել ըմբշամարտիկ Անդրանիկ Գալստյանը:

Միջազգային հեղինակավոր այս ստուգատեսին մեր ձյուդոյի թիմը ներկայացել էր 3 մարզիկով և նվաճել է 2 բրոնզե մեդալ՝ Գրիգոր Իվանյանը 60 կգ քածային կարգում, Տիգրան Վարոսյանը 66կգ-ում:

Հեծանվային սպորտում ՀՀ հավաքականը մասնակցություն ապահովեց 5 մարզիկով, ատլետիկայում՝ 6-ով:

Մեր հավաքականի հեռացատկորդներից լավ արդյունք են ցույց տվել Արսեն Սարգսյանը և Վարդան Փահլևանյանը՝ համապատասխանաբար գրավելով 4-րդ և 5-րդ տեղերը: Սեղանի թենիսի 2 մասնակցից Հասմիկ Խաչատրյանը գրավել է 8-րդ տեղը:

Նշենք, որ 4 տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր երկրորդ անգամ: Նախորդ անգամ Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերից հայ մարզիկները վերադարձել են 3՝ արծաթե և բրոնզե մեդալով:

Հայաստանյան 36 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին