Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշագիր՝ Մաքսայինին ընդառաջ

Պաշտոնական
6b0b74385508725a38e9c3f73f27131d

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները:

Մասնավորապես, արծարծվել են տեխնիկական, սանիտարական, բուսասանիտարական կանոնակարգման, սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր:

Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կողմերն ամրագրել են ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը:

Այնուհետև ստորագրվել է Փոխգործակցության խորացման մասին հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը: