«Միլանո»-ին մերժեցին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր մերժեց «Օլիմպ» արտադրական միավորման բողոքը։
Միավորումը բողոքարկում էր Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության վճիռը։
Հիշեցնենք, որ Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը, որի մաս էր կազմում նաեւ «Միլանո» խանութը, պետության կարիքների համար օտարվել էր։ Թեեւ կառույցը եռահարկ էր եւ ուներ նաեւ նկուղ, սակայն փոխհատուցում է տրվել միայն առաջին հարկի համար՝ 207 միլիոն 282 հազար դրամ։ Այժմ հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցում տրամադրել նաեւ մյուս երկու, ինչպես նաեւ նկուղային հարկերի համար, մանավանդ որ իրենք տարիներ շարունակ գույքահարկ են մուծել։
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ մեր դատարանները հրաժարվում են արդարադատություն իրականացնել։
«Ստացվում է՝ մենք այդպես էլ ՀՀ դատարաններում չիմացանք՝ սա համարվում է գույք կոնվենցիայի իմաստով, թե՝ ոչ»,- ասաց պարոն Հայրապետյանը։
Վերջինս պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։ Իսկ մյուս քայլերը ժամանակը ցույց կտա։
«Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն էլ ավելացրեց, որ արդեն 7 տարի է քաշքշուկի մեջ են եւ զրկված են մրցակցային պայմաններից։ Թեեւ խանութն առաջինն է եղել, որ Եվրոպայից ապրանքներ է ներմուծել, հիմա այլ իրավիճակում են հայտնվել եւ ապրանք չեն ներմուծում։ «Եվ այն բրենդերը, որ միշտ մենք ենք ներմուծել, հիմա տնօրինում են ինչ-որ պետական չինովնիկներ»,-ասաց նա։
Հովհաննես Ղուկասյանի խոսքերով՝ հիմա տեղական շուկայից են ապրանքներ ձեռք բերում, որպեսզի մնացած բրենդային հագուստների հետ վաճառեն։ «Երբ հիմնական ապրանքները կվաճառենք, կդադարեցնենք մեր գործունեությունը»,- ավելացրեց պարոն Ղուկասյանը։