«Մրցույթ հայտարարեցինք, ինչքան քոռ-քաչալ կար՝ եկավ»
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1996թ. դեկտեմբերին, այս օրը հռչակեց որպես հեռուստատեսության համաշխարհային օր: Իսկ հայկական հեռուստաընկերության առաջին փորձնական եթերը տեղի ունեցավ 1956-ի նոյեմբերի 29-ին:
Ի՞նչ փոխեց այն մեր կյանքում եւ արդյոք թվայնացման նոր գործընթացը կնպաստի՞ մեր եթերի զարգացմանը:
Հեռուստատեսությունը հեղաշրջում էր մեր կյանքում, այն դարձավ պատուհան դեպի աշխարհ: Հեռուստատեսության համաշխարհային օրը հետադարձ հայացք նետելով՝ ասում է երկարամյա հեռուստահաղորդավար Լեւոն Պարոնյանը. «Այն ժամանակ մեր մշտական հյուրերն էին լինում Պարույր Սեւակը, Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Սարգիս Մուրադյանը. այդպես ժողովուրդը տեսավ իր մեծերին, եւ նրանց խոսքն էր լսում, եւ այդպես կրթվեց ու դաստիարակվեց, այն ժամանակ մի ընտանիքի նման` կապ չուներ մենք էկրանից այս կողմ էինք, ժողովուրդն այն կողմ, չկար այդ անջրպետը»:
1956թ. երբ հայկական հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց իր առաջին հաղորդումը, Լեւոն Պարոնյանի բնորոշմամբ` թե իրենց` հեռուստաաշխատողների, եւ թե հեռուստադիտողների համար դա հրաշքի նման մի բան էր. «Մենք հերոսական աշխատանք էինք անում, եւ ժողովուրդը ընդունում էր հենց այդպիսին։ Մեր հեռուստատեսությունն այն ժամանակ զինանշանի նման էր եւ ընտրություն էր արվում մասնագետների դեպքում: Հենց սկսեցինք մրցույթ հայտարարել, ինչքան քոռ-քաչալ կար՝ եկավ»:
20-րդ դարակեսին հեռուսատատեսության մուտքն ընկալվեց որպես տեխնիկական մեծ ձեռքբերում: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում այն իր տեղը, կարծես թե, մի փոքր զիջում է ինտերնետին: Արդյոք այս մրցավազքում հեռուստատեսությունը կկարողանա՞ դիմակայել թվայնացման միջոցով` անալոգային կայաններից անցում կատարելով ավելի որակյալ եւ առաջադեմ տեխնոլոգիաների. «Հեռուստատեսությունը պետք է լինի թվային, կաբելային, որի դեպքում հնարավորությունները շատ ավելի են, քան հանրապետական եթերով տրվող կայաններինը»։
Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման գործընթացը մեր երկրում սկսվել է չորս տարի առաջ, սակայն մինչ օրս որեւէ մի քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ: Ավելին` թվայնացման գործընթացը երկարաձգվել է մինչեւ 2015թ երկրորդ կես։ Թվայնացման տեխնիկական առաջադրանքը գնահատվում է 12, 15 մլն դոլար։ Տրանսպորտի եւ Կապի նախարարության հայտարարությունների համաձայն՝ բոլոր ալիքները, որոնք այս պահին հեռարձակվում են, կլինեն թվային մուլտիպլեքսում։
Ոլորտի պաշտոնյաները նաեւ խոստանում են՝ հաճախականությունների տիրույթում տեղ ազատվելու դեպքում բոլոր ցանկացողներին մրցույթով կտրամադրվի հեռարձակման իրավունք։ Որքանո՞վ է իրատեսական սա՝ դժվար է ասել։ Գաղտնիք չէ, որ այս ոլորտում նոր խաղացողների մուտքը արդեն քանի տարի է խոչընդոտվում է. պաշտոնապես՝ թավայնացման պատրվակով, մինչդեռ ոլորտի անկախ փորձագետները պատճառներն ավելի քաղաքական են համարում։