Հանգուցյալի հարազատը հարձակվել է բժշկի վրա
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ տան բնակիչը հարձակվել է բժիշկների վրա, դանակով սպառնացել և քաշքշուկ ստեղծել:
Մեկնած օպերատիվ խմբին շտապօգնության ենթակայանի բժշկուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.17-ին, շտապօգնության խումբը հիվանդ կնոջը բուժօգնություն ցուցաբերելու համար կանչով մեկնել է Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ մի տղամարդը հայտնելով, որ հիվանդն արդեն մահացել է, քաշքշել է իր հագուստներից, ոտքով հարվածել իր աճուկային շրջանին, այնուհետև խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել իրեն ու խմբի մյուս աշխատակիցներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, կատարվածը դատապարտել էր նաեւ Առողջապահության նախարարությունը.
«Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։
Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»։