Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայց ընդդեմ ՀՀ կառավարության

Հասարակություն
d644e9ca5238360128dfde5e63aec6af

Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը մոտ ժամանակներս հայց կներկայացնի ԱՄՆ-ում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) ընդդեմ ՀՀ կառավարության։

Գործարարը 2004թ-ից բավական մեծ գումարներ է ներդրել ՀՀ-ում՝ բիզնես սկսելու նպատակով շենք կառուցելու, սակայն տեղի գործընկերները նրան խաբել են և կեղծ սննկացում հայտարարել։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց անձամբ Էդմոնդ Խուդյանը՝ տեսակապի միջոցով ԱՄՆ-ից։ Նրա խոսքերով, իրեն ցավ է պատճառում այդ փաստը, սակայն ինքն այլևս չի վստահում ՀՀ իրավական մարմիններին։

«Ես կառավարությունից պահանջելու եմ վճարել այն վնասը, որը կրել եմ՝ 10 մլն դոլարից շատ։ Երեք տարի է՝ դիմում ենք ՊԵԿ-ին, որը քննում է գործը, այնուհետև Դատախազությանը, ԱԺ-ին, Ոստիկանությանը, ՀՔԾ-ին, Նախագահին, Սփյուռքի և Արդարադատության նախարարներին, այսինքն՝ երեք տարվա մեջ փորձել ենք ամեն ինչ և ներկայացրել ենք այն պլանը, որ գործընկերները ընկերությունը թալանում են, սակայն Դատախազության հովանավորչությունը թույլ չի տալիս, որ աշխատանքները ճիշտ կատարեն։ Ազդեցություն կա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր մաս են կազմում այս թալանին»։

Էդմոն Խուդյանի փաստաբաններից Լեռնիկ Հովհաննիսյանը մանրամասնելով գործը, նշեց, որ այս պահին քրգործը՝ Խուդյանի ներդրումների հետ կապված, երկու մասի է բաժանված. «Թալանից տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի մասով, իսկ մյուսը՝ բոլոր տուժողների։ Խարդախության, փողերի լվացման և «Արփին Կապիտալ» ընկերության սնանկության մեջ մեղադրանք առաջադրվել է միայն Վլադ Մանգասարյանին, նա շենքի անուղղակի փայատերն է»,-նշեց փաստաբանը։

Մյուս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ Էդմոն Խուդյանին անգամ տուժող չեն ճանաչել.«Մենք երկու-երեք ամիս առաջ դիմել ենք, որպեսզի Խուդյանին տուժող ճանաչեն։ Մեղադրվողները պետք է լինեն մոտ տասը հոգի։ Գործում կան նաև հաշվապահներ, որոնք ընդհանրապես ներգրավված չեն»։

«Էդմոն Խուդյանը շահագրգռված է, որպեսզի այս գործը բացահայտվի։ Մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,-եզրափակեց փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։