Սպառողները դատարանում որպես կողմ հանդես կգան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ապօրինի որոշումը դատարանի վճռով պետք է բեկանվի։ Այսօր Վարչական դատարանի շենքի դիմաց հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը։
«Կանխենք գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները դիմել է վարչական դատարան եւ պահանջում են անվավեր ճանաչել հուլիսի 7-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրենց կարծիքով անօրինական որոշումը։
Գազի եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ մեկ շաբաթվա ընթացքում արդեն 12.000 ստորագրություն է հավաքվել։ Իսկ այսօր արդեն 5000-ից ավելի ստորագրություն հանձնվեց Վարչական դատարանին՝ պահանջով որպես 3-րդ կողմ ներգրավել նաեւ սպառողներին։
Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ իրենք ունեն հստակ պատկերացում, որ հանձնաժողովը կատարել է քաղաքական պատվեր եւ բարձրացումը արհեստական բնույթ է կրել եւ մեծ վնաս հասցրել սպառողներին. «Այդ վնասը կարելի է կանխել, եթե դատարանը ընդունի օրինական եւ անաչառ որոշում։ Ուստի պետք է հանրային մասնակցություն լինի»։
Պարոն Ղուկասյանը հիշեցնում է՝ մեր երկրում դատարանները անկախ չեն եւ հանրության մասնակցությունը հնարավորություն կտա հասնել ցանկալի արդյունքի։