Մոնթեն ոչ մի թիզ հող չզիջեց
Այսօր լրագրողների հետ հանդիմանը «Մոնթե Մելքոնյան» ՀԿ նախագահ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ Մոնթե Մելքոնյանն իր մարտական որակների և կերպարի շնորհիվ շատ մեծ դերակատարություն ունեցավ ազատամարտի ընթացքում, առանց մի թիզ հող կորցնելու՝ Մոնթեն հաղթանակներ տարավ:
Նրա խոսքով՝ Մոնթեի տեսակն այսօր մեր երկրին շատ է անհրաժեշտ. «Նրա տեսակն է, որ կարող է Հայաստանը դուրս բերել ներկա վիճակից», - ասաց Մոնթեի ընկերը և հավելեց, որ ինքը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ նա մեզ հետ լինելու դեպքում կլիներ ժողովրդի, արդարության կողքին, կլիներ այն բարոյական ուժը, որն իր շուրջը կհամախմբեր երկրի բարօրության համար պայքարողներին:
Ենիգոմշյանի խոսքով՝ Մոնթեն պայքարեց ոչ միայն Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու, այլև հայ ժողովրդի բարեկեցիկ ապրելու հնարավորության ստեղծման համար:
«Եթե այսօր մենք ուզում ենք իրոք հարգել նրա հիշատակը, ապա մեզանից յուրաքանչյուրը պետք է մի փոքր Մոնթե լինի»,- հավելեց նա և ընդգծեց, որ Մոնթեն հուսալքություն չի սիրում:
Հիշեցնենք, այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 56 տարեկան: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում: