«Էշ մի սատկի, գարուն կգա»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին. նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը հորդորել է պայքարել համակարգի լիարժեք ներդրման համար։ Նա նաև տեղեկացրեց, որ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, թոշակառուների վիճակն էլ ավելի կբարելավվի. «Որովհետև կկիրառվի բալային սիստեմը, դա նշանակում է, որ համակարգը մեկ առ մեկ կներառի այն ամենը, ինչ դուք արել եք պետության համար, բանակում ծառայության տարիները, աշխատանքը և այլն»:
Մինչդեռ ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` համակարգի թերությունները այնքան շատ են, որ բարի նպատակները չեն երևում, նա նաև կատակեց` համակարգը բնորոշելով հետևյալ կերպ. «Էշ մի սատկի, գարուն կգա»:
Իսկ տնտեսագետ Սամվել Ավագյանը համոզմունք է հայտնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը բազմաթիվ ռիսկեր է պարունակում. «Ցածր եկամուտներ ստացողների համար համակարգը այդքան եկամտաբեր չի, աշխատողների մի զգալի մասը 23 տարի հետո ստանալու է ավելի ցածր կենսաթոշակ, ինչ ներկայիս համակարգի պարագայում:
Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր 80 հազար դրամ և ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Իրականում այս ճանապարհով նշված քաղաքացիների կենսաթոշակային պայմանները մենք վատացնում ենք: 40 տարվա ստաժի դեպքում 80 հազար աշխատավարձ ստացողը այս համակարգով ավելի շատ թոշակ կստանա, քան թե ինքը մտնի կուտակային համակարգ: Այս համակարգը օգտակար է ավելի բարձր աշխատավարձ ստացողների համար»:
Մանրամասները` տեսանյութում: