Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսանյաց արարողություն՝ օդում

Հասարակություն
022aff64ecce6a600ff57b99d8e19c4f

Հայաստանում շուտով հնարավոր է` նոր չվերթեր իրականացվեն, այն էլ հանրապետության ներսում:

Sky net նորաստեղծ ավիաընկերությունը պատրաստվում է ավիափոխադրումներ իրականացնել` Երեւան-Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի-Երեւան, Երեւան-Ստեփանավան-Երեւան եւ ՀՀ տարածքում մի շարք այլ ուղղություններով:

Ճիշտ է, մարզային օդանավակայանները դեռ վերանորոգված չեն, բայց ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը վստահեցնում է` պետության աջակցության դեպքում այդ հարցերը հեշտությամբ կլուծվեն:

Այսօր Sky net ավիաընկերությունն ունի ընդամենը 1 JetStreem 32 անգլիական արտադրության`19 տեղանոց երկշարժիչային օդանավ: Բայց անգամ այս դեպքում թռիչքները հնարավոր են. «Եթե ինքնաթիռները ավելանան, կունենանք նաեւ կանոնավոր չվերթեր»:

Ավիաընկերությունը հաշվարկել է նաեւ տոմսերի արժեքը ու վստահեցնում է, որ այն հասանելի կլինի մարդկանց. «Թռիչքի մեկ ժամը արժե 1680 ԱՄՆ դոլար, իսկ տոմսի արժեքը կլինի այս թիվը բաժանած 18-ի, քանի որ այդքան մարդ կարող է փոխադրել ինքնաթիռը: Սակայն կան վայրեր, որտեղ ճանապարհը ասենք 20 րոպե է, այսինքն` տոմսի արժեքը կլինի այդ ստացված թվի կեսից ավելի քիչ»,- բացատրում է Գրիգորի Վարդանյանը:

Նա հավելեց նաեւ, որ հիմնական գինը ավիավառելիքն է և օդանավակայանների սպասարկման ծախսը։ Նաև տոմսերում հաշվարկվում է ավելացված արժեքի հարկը, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությունը, պարզվում է, պատրաստ է զեղչեր տրամադրել ներքին շուկայում չվերթերի համար:

2014-ին Sky net ավիաընկերությունը կկատարի չվերթեր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև Հայաստանից դուրս` դեպի Թբիլիսի, Բաթում և Թավրիզ. նախնական հաշվարկով տոմսերը կլինեն մոտ 40000 դրամ:

Ի դեպ,ավիաընկերությունն առաջարկում է նաեւ մի շարք ծառայություններ, օրինակ` հարսանյաց արարողություն օդում։ Այսպիսի մեկ փորձ ավիաընկերությունը արդեն ունի, ու դա միակ թռիչքն է, որ կատարել է Sky net-ը: