Պետք է օրենք «Ընտանեկան բռնության մասին»
1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր։
Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը տևում է 16-օր։ Հայաստանում այն մեկնարկեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը պահանջող քայլերթով։
Հայաստանի կանանց 2/3-ը իր կյանքում գոնե մեկ անգամ ֆիզիկական բռնության է ենթարկվել զուգընկերոջ կողմից։ Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանի խոսքով՝ իրենց թեժ գիծ զանգահարող կանանց թիվը մեծացել է։
Նա միաժամանակ ընդգծում է, որ դա չի նշանակում, թե Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեպքերը շատացել են։ «Կանանց ճանաչողականությունը բարձրացել է, իրենց ինքնագիտակցությունն է բարձրացել, որ դիմում են թեժ գծերին՝ օգնություն ստանալու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։
Ոստիկանության տվյալներով, Հայաստանում այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 339 դեպք:
«Ամուսինն է բռնություն կիրառում, սկեսրայրը, տեգրը և կանայք՝ կանանց նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ որոշ սկեսուրներ բռնության են ենթարկում հարսներին»,-նշեց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։
Ֆիզիկական բռնություններից զատ, կանայք Հայաստանում և ողջ աշխարհում ենթարկվում են նաև հոգեբանական, տնտեսական, սեռական բռնությունների։ Ընտանեկան բռնությունները Հայաստանում նվազեցնելու համար ԱԺ-ն պետք է «Ընտանեկան բռնության մասին» օրենք ընդունի՝ կարծում է Կանանց իրավունքների կենտրոնի տնօրենը։