Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահակը ցանկանում է դառնալ գյուղապետ

Հասարակություն
7e773500d3151ef13b4041a8e54ef6c9

Ավշարի համայնքի մանկապարտեզի պահակ Վաղինակ Ասրյանը ցանկանում է դառնալ համայնքի ղեկավար։

Նա իր թեկնածությունն է առաջադրել դեկտեմբերի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններին։ Գյուղապետի պաշտոնի համար հավակնում է նաեւ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Ավշարի նախկին գյուղապետ Անուշավան Մարգարյանը դեռ հոկտեմբեր ամսին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Իսկ դեկտեմբերի 8-ին Հանրապետության 11 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ

Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում համայնքապետ դառնալու համար կպայքարեն 2 հանրապետականներ՝ համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը եւ Եղիշե Հակոբյանը։
Համայնքի ՀՀԿ- ական ղեկավարին առաջադրել է կուսակցությունը, իսկ Եղիշե Հակոբյանն ինքնառաջադրվել է։

Արարատի մարզի Դարակերտ համայնքում եւս կպայքարեն 2 հանրապետականներ՝ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը եւ Սեւակ Քալոյանը։ Նրանք երկուսն էլ ինքնառաջադրվել են։

Արարատի մարզի Այնթապ համայնքում ղեկավար դառնալու համար կպայքարեն հանրապետական, գործող գյուղապետ Կարեն Սարգսյանը եւ անկուսակցական, «Ֆլեշ ՍՊԸ»-ի վարորդ Լեւոն Թարվերդյանը։

Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ղեկավար դառնալու համար առաջադրվել էին ՀՅԴ-ական համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը եւ համայնքի հաշվապահ Ռաֆիկ Բեյբուդյանը։ Վերջինս ինքնաբացարկ է հայտնել։ Միակ թեկնածուն մնացել է համայնքի ղեկավարը։