Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկի տոկոսների համար երինջներն է վաճառելու

Հասարակություն
bfd4b03f7d6ade10f77387042afde0ed

Տարին գյուղացին վնասով է ամփոփում: Այս մասին ահազանգում են հենց իրենք` գյուղացիները: Միշա Հակոբյանի խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը ծախսատար է։ Սեզոնին մի երկու շաբաթ կարողանում է ապրանքն իր ուզած գնով վաճառել, հետո գներն ընկնում են, իր եկամուտն էլ` նվազում:

«Չեն կարողանում շահույթ ստանալ, ոչ մի օգուտ չի լինում, Էդքան վառելիք ա, մշակություն ա, դեղորայք ա, ցելոֆոն ա, գազ ա, տարվա վերջին նայում ենք ու տարվա վերջում տեսնում ենք, որ չարչարանք ա միայն մնում», - դժգոհում է Միշան։

Հողի մշակն ասում է, որ գյուղացու մեջքը միայն վարկերն են ծռում։ Ըստ նրա՝ վարկի տոկոսները բարձր են, մարման ժամկետը` կարճ։ «Տոկոսները պետք է ցածր լինեն, մարման ժամկետը՝ երկար, գոնե մի 10 տարի լինի, օրինակ արտասահմանում 20-25 տարի է լինում վարկի մարման ժամկետը։ Մեզ մոտ կարճ ժամկետով են տալիս, հետ տալու տոկոսները շատ մեծ են կազմում, չեմ կարողանում համ արտադրությունը կազմակերպել, համ էլ մեծ տոկոսները հետ տալ», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Միշա Հակոբյանը։

Միշան ասում է, որ բանկի տոկոսները փակելու համար ստիպված երինջներն է վաճառելու.«Տարին միայն վնասվ եմ փակում, վարկը օգուտի փոխարեն վնասներ է բերում։ Մի տնտեսություն պահում ենք մյուսի հաշվին», - գյուղատնտեսական տարին այսպես ամփոփեց գյուղացին։