Սևանա լճի ձկները վտանգի տակ են
Սևանա լճի վիճակը գոհացուցիչ չէ: Սևանի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով հայտնվել են ձկներ, որոնք բնորոշ չեն լճին: Այս մասին այսօր «Սևանա լճի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի հիդրոբիոլոգիայի բաժնի պետ Սուսաննա Հակոբյանը:
Նրա խոսքով` լճում հայտնված «տառեխիկ» և «ամուրյան չեբաչոկ» տեսակի մանր ձկները մրցակից են դարձել լճի էնդեմիկ ձկնատեսակներին:
Անդրադառնալով Սևանա լճի արդի խնդիրներին` Հակոբյանը նկատում է, որ իշխանը, բեղլուն և կողակը ոչնչացման եզրին են:
Ձկների ոչնչացման պատճառները, ըստ նրա, բազմաթիվ են. «Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների թվաքանակի սպառման պատճառներից մեկն էլ որսագողությունն է», - նշեց Սուսաննա Հակոբյանը:
Սևանի ջրի որակը չի գոհացնում նաև ջրային ռեսուրսների գծով փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանին: Նա գտնում է, որ ջուրն աղտոտվում է լիճ թափվող գետերից. «Այդ գետերը իրենց հետ բերում են լճի հարևանությամբ գտնվող գյուղերի աղբը», - մտահոգվում է Հովհաննիսյանը և հավելում, որ 26 գետերի միջոցով լիճ թափվող կենցաղային աղբի պատճառով լիճը հանքային աղտոտվածություն է ստանում: