Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բա որ վարչապետը նեղանա՞»

Հասարակություն
4c0c998d9ae50eaeb5e9cc70dab51fa9

Նոր ՀԴՄ սարքերը, որոնք ամենեւին էլ «Միտակի» ընկերության արտադրանքը չեն, ինչպես հավատացնում էր կառավարությունը, մեկ այլ փորձանք են նախատեսում հայ գործարարի համար՝ նրանք կարող են հետեւել բիզնեսմենի բանկային հաշիվները, կատարվող ծախսերը։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Էս սարքը ղեկավարվում է Windows mobile համակարգով։ Սա կարող է բերել նրան, որ բիզնեսը Հայաստանում հայտնվի տոտալ վերահսկողության տակ ոչ միայն հարկերի մասով, որը որ ողջունելի կլիներ, այլեւ նաեւ բիզնեսի գաղտնիքների մասով»։

Ըստ գործարարի, կառավարությունը սահմանել է ՀԴՄ-ի չափորոշիչներ, որոնք ոչ թե այդ սարքի բովանդակային գործառույթների մասին են, այլ սարքի նկարագրության։

Կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի ոչ մի գործարար չկարողանա ինքնուրույն բերել այս ՀԴՄ սարքերը, նա պետք է դրանք գնի մեկ ներմուծողից. «Դե մենք հաշվարկներ ենք արել, որ սա մոտավորապես 40 միլիոն դոլարի շահույթ ունեցող բիզնես ա»։

Ներմուծողի պաշտոնական դիրքի մասին պարոն Մարտիրոսյանը գլխի է ընկել Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին Պետեկամուտների կոմիտեից եկած պատասխանով, իսկ ո՞վ էր պետեկամուտների կոմիտեի կարծիքը հարցրել. «Այսինքն, էս բիզնես ա, որը որ ղեկավարվում ա պետեկամուտների կոմիտեի կողմից»։

Հարկային մարմինների հետապնդումներից վախեցող գործարարը, որը չի ուզում ներկայանալ, ամբողջությամբ գիտակցում է կառավարության պատրաստած ծուղակը՝ ներկայացրել են չափորոշիչներ, որոնք ՀԴՄ-ների գործառույթների հետ կապ չունեն. «Նշված է, որ սարք՝ նվազագույն 120 մեգաբայթ, 60 մեգաբայթ ա դրանց հիշողությունը, 250 մեգաբայթ՝ հիմնական հիշողությունը եւ 32 ԳԲ լրացուցիչ հիշողության քարտ։ Սրանք ոչ թե տեխնիկական պահանջ են, այլ տեխնիկական նկարագիր»։

Գործարարը նկատում է, որ այս սարքը հնարավորություն ունի վճարումներն ընդունել նաեւ բանկային քարտերով, որը կառավարության պետեկամուտների կոմիտեի մյուս ծուղակն է. «Հենց Ռուսաստանն էլ փորձել է ՀԴՄ-ն միացնել պլաստիկ քարտերին եւ չի կիրառվել էնտեղ, բանկային գաղտնիքի հետ կապված խնդիրներ կան, ոչ մի տեղ չի կիրառվել դա, անիմաստ թանկացնում են սարքերը»։

Գործարարը հիշում է, որ կառավարության սահմանած չափորոշիչներով ՀԴՄ-ներն արժեն 400 հազար դրամ։ Ինչու՞։ Որովհետեւ այդպես է ուզում։ Ի դեպ, «Անտարեսի» տնօրենը նկատում է, որ դիմել է մի քանի գործարար միությունների, որպեսզի միանան կառավարության ապօրինության դեմ բողոքին։ Մեծ մասը հրաժարվել է, մեկը նույնիսկ պատասխանել է՝ «բա որ վարչապետը նեղանա»։