Սիսակյանի բնակիչները մտել են Բաղրամյան 26
Սիսակյան 3 շենքի բնակիչները այսօր հավաքվել էին Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց։ Նրանք եկել էին պահանջով՝ լուծել իրենց 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների տարհանման խնդիրը։
Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանում ընդունել են բնակիչներին ու ասել, որ ամբողջ շենքը չի կարող տարհանվել։ Փաստացի ապրող 98 ընտանիքից բնակարան կարող է տրամադրվել միայն 25-ին։ Բնակիչներն իրենք ընտրել են 5 ընտանիքի, ովքեր առավել կարիք ունեին տարհանման, իսկ մյուս 20-ին ընտրել է քաղաքապետարանը։
Այսօր նախագահականի դիմաց հավաքվածները ոչ միայն բնակարան չստացած մարդիկ էին, այլև այդ 25 ընտանիքներից մի քանիսը։ Պատճառն այն է, որ նրանք մինչեւ այսօր չեն ստացել իրենց նոր բնակարանի բանալիները։
Սակայն նրանք եղել են Սիսակյան 20-ում՝ խոստացված բնակարանի հասցեում, ու պարզել, որ իրենց շենքի բնակիչներից մեկը, որ, ի դեպ, տարհանվող 25 ընտանիքների ցուցակում չկար, արդեն բնակարան է ստացել այդ շենքում։
Այսօր Սիսակյան 3-ի բնակիչները միայն արդարություն են պահանջում ու խնդրում, որ իրենց օգնեն նախագահականում։
Բնակիչներից մի քանիսին ընդունեցին Բաղրամյան 26-ում։ Այնտեղ բնակիչներին ասել են, որ խնդրին ծանոթ չեն, բայց խոստացել են պարզել հարցը։ Օրվա երկրորդ կեսին բնակիչներին զանգահարել են քաղաքապետարանից ու ասել, որ պատրաստ են ընդունել նրանց ու լսել բողոքները։
Այլ մանրամասներ՝ ավելի ուշ տեսանյութում