Երեւան-Մոսկվա համագործակցության ծրագիր
Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:
«Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր համագործակցության տարբեր ծրագրերում:
Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ»,-ընդգծել է Մոսկվայի քաղաքապետն ու կարևորել նաև երկու քաղաքների հարաբերությունների ընդլայնման հարցում Մոսկվայի հայ համայնքի դերը:
Երկու մայրաքաղաքների քաղաքապետերը ստորագրել են Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ ծրագիրը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Երևանի օրերի բարձր մակարդակով անցկացման համար և Սերգեյ Սոբյանինին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն