«Կառավարությունը ղալաթ ա արել»
Երևանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները կառավարության այսօրվա որոշմամբ ճանաչվեցին հանրային գերակա շահ և տրամադրվեցին «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը։ Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հապճեպորեն ընդունեց նախագիծը` թույլ չտալով փոխքաղաքապետ Կամո Արեյանին ավարտել ելույթը:
Կառավարությունը նշում է, որ մտադիր է Երևանի կենտրոնից վերացնել առկա խառը կառուցապատումը, ոչ սեյսմակայուն, հին ու խարխուլ շինությունները: Օտարվող տարածքում ապրողների մի մասի համար կառավարության այս որոշումը նորություն չէր. «Ժողովուրդն արդեն 10 տարի ա գիտի, թե արդեն քանդում են, մենք արդեն երկու որոշում ունենք, սա երրորդն ա»,- ասաց բնակիչների անունից հանդես եկող Սասուն Մկրտչյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ շուրջ 150 ընտանիքից 65-ը պայմանագիր է ստորագրել կառուցապատող ընկերության հետ. «Ներքևը` Պռոշյանի անկյունը, շենք պետք է կառուցի, մեզ տեղավորի ու ինքը նոր սա իրացնի»,- նշեց բնակիչը։
Բնակիչներից Նելֆրիդա Իսկանդարյանը պայմանագիր դեռևս չի կնքել, բայց ցանկանում է, միայն մի մտավախություն ունի՝ կոնդեցիների օրին չընկնի. «Մեր կառավարության վրա հույս դնել չունեմ, մինչև հիմա կոնդում բնակիչները վարձով են ապրում ու սուտ հայտարարություններով ժողովրդին դռնեդուռ գցելով ոչ մի բան չարեցին, չունենք ոչ մի հավատ»։
Իսկ մյուս բնակիչները պատրաստ են լքել իրենց տները, սակայն միայն համարժեք փոխհատուցման պարագայում։
Նշյալ տարածքներում կան նաև մեծահարուստների տներ, բնակիչներն ասում են, որ դրանք պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաների՝ օրենսդիր և գործադիր մարմիններում։
1930 թվականից Պռոշյան 1-ում բնակվող Վարազդատ Գաբրիելյանը անակնկալի եկավ` իմանալով, որ իր հողատարածքը կառավարությունը պատրաստվում է օտարել. «Կառավարությունը ղալաթ կանի, որ տենց բան կանի, նա ով ա որ իմ ունեցվածը, իմ սեփականությունը իրա գլխից դուրս բան անի, թող իրանը տա»,- դժգոհեց նա:
Նշենք նաև, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը: Նրանց էր նաև տրվել Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքը: