Ոչ միայն վաճառք, այլեւ համտես՝ Երեւանում
Հանրապետության հրապարակում սկսել են Գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Այժմ տեղադրվում է տոնածառի կարկասը, որից հետո կսկսվի տոնածառի զարդարման աշխատանքները։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի խոսքերով՝ ցանկանում են տոնական տրամադրությունն ավելի շուտ սկսվի մայրաքաղաքում եւ ավելի երկար պահպանվի։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, բոլոր վարչական շրջաններն ունենալու են իրենց տոնածառերը։
Երեւանի քաղաքապետարանը, նրա խոսքերով, հորդորել է մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, տնտեսվարողներին, որպեսզի նրանք եւս սկսեն օբյեկտների արտաքին ձեւավորման աշխատանքները։
Դեկտեմբերի 10-ից մինչեւ 2014 թ հունվարի 10-ը Հյուսիսային պողոտայում անցկացվելու է ամանորյա տոնավաճառ, որտեղ ոչ միայն կարող են վաճառել, այլև տեղում համտես կազմակերպել. «Եթե նախորդ տարի 16 տնակ-տաղավար էր գործում, ապա այս տարի նախատեսում են 34 տնակ-տաղավար։ Հետաքրքիր բաներ են սպասվում, մնում է երեւանցին լիաթոք ուրախանա եւ վայելի տոնը»,- եզրափակեց Արթուր Սարուխանյանը։