Ձմռանը մեղավոր են միայն վարորդները
Առաջին ձյունը դժվարություններ է առաջացնելու վարորդների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ
Էդուարդ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` այսօր մեր հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարների մեծ մասը հարմարեցված չեն անվտանգ երթևեկությանը. «Պատրաստ չենք առաջին ձյանը, ճանապարներն անմխիթար վիճակում են գտնվում», - նշեց Հովհաննիսյանը:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահն ասաց, որ ձմռան ժամանակ տեղի ունեցած վթարների ժամանակ ճանապարհային ոստիկանությունը միշտ վարորդներին է մեղավոր համարում. «Այնինչ վարորդները մեղք չունեն, ճանապարհները սառած են լինում, ամենադանդաղ արարգությամբ վարելիս նույնիսկ հնարավոր է վթար», - ավելացրեց նա:
Հովհաննիսյանը գտնում է, որ վարորդների մեղավորությունն այս հարցում քիչ է, ըստ նրա, ճանապարհի անվտանգության համար պատասխանատու է ճանապարհը սպասարկող ընկերությունը:
Անդրադառնալով վարորդների խնդիրներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրները կապված են հատկապես արագաչափերի և տեսախցիկների հետ։
ՀԿ նախագահի խոսքով՝ վարորդները տուգանվում են երթևեկության կանոնները չիմանալու պատճառով. «Տուգանվելով են սովորում երթևեկության կանոնները, տուգանվում են, հետո նոր հասկանում, որ այստեղ պետք չէր այս ձևով վարել»: Նա միաժամանակ հավելեց, թե վարորդներն էլ մեղք չունեն՝ օրը մեկ երթևեկության կանոն են փոխում, բայց ոչ ոք այդ մասին չի իմանում;
ՀԿ-ն առաջիկայում կդիմի ԱԺ` ներկայացնելով երթևեկության կանոնների խախտումից առաջացած տունգանքների մասին առաջարկների փաթեթ: