Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ՝ հրաժարվել օտարալեզու դպրոցների հիմնումից

Հասարակություն
7375b7955ba32a2e40585b03491924b4

Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի սկսվելուց հետ օտարալեզու դպրոցների վերաբացման ընդդիմախոսների մտահոգություններն աճել են: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հավանաբար նամակով կդիմեն այն դեսպանատներին, որոնց կառավարությունները, ըստ մամուլի հրապարակումների, հետաքրքրված են Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելով:

Սեպտեմբերի սկզբին նախաձեռնությունն էլեկտրոնային նամակով արդեն դիմել էր անհատների, նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Շվեյցարիայի և մի շարք այլ երկրների դեսպանատներին՝ կոչ անելով նրանց աջակցել հայալեզու կրթական համակարգի բարելավմանը, այլ ոչ թե մասնակցել հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու նախագծերին:

«Արձագանքներ մենք չենք ստացել որևէ մեկից»,- ասում է Արամ Ապատյանը:

Այս անգամ նախաձեռնությունը նախատեսում է նորից նույն կոչով դիմել անհատներին ու դեսպանատներին՝ միաժամանակ խնդրելով կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները և դիմումին պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում:

«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները: Թե ինչպիսի ակցիաներ դրանք կլինեն, այս պահին ես կդժվարանամ ասել, մենք կքննարկենք: Բայց ամեն դեպքում մենք միշտ արձագանքելու ենք նման վտանգներին և միշտ առաջ ենք քաշելու այն թեզը, որ պետք է հրաժարվել օտար դպրոցների հիմնումից Հայաստանում, իսկ փոխարենը բոլոր ջանքերն ուղղել որակյալ կրթական համակարգի հասանելիությանը բոլորի համար»,- ասաց Արամ Ապատյանը:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Այն հնարավոր է դարձնում Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: 2011 թ. հունվարին Սերժ Սարգսյանը ստորագրեց ԱԺ-ի ընդունած օրենքները՝ չնայած նախորդել էին քաղաքացիական հասարակության բողոքի բազմաթիվ ակցիաներ:

«Օտարալեզու դպրոցների բացումը նախատեսող 2010 թվականի օրենսդրական տխրահռչակ փոփոխությունները չեն կարող ապահովել որակյալ կրթություն բոլոր աշակերտների համար»,- մասնավորապես նշված էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության՝ դեսպանատներին ուղղված դիմումի մեջ:

Դիմումի հեղինակների համոզմամբ՝ օրենսդրական այդ փոփոխություններն օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն և հակասում ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային, որը պահանջում է միջնակարգ կրթությունն իր բոլոր ձևերով հնարավոր ու մատչելի դարձնել բոլորի համար: