Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրիում նշվում են նաեւ ռուսական տոները»

Հասարակություն
15636d517790517d28f775d12142e6eb

«Բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցերը Գյումրի քաղաքի վրա դրական ազդեցություն կունենան»,-այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գյումրու քաղաքապետի օգնական Զոհրապ Եգանյանը` անդրադառնալով երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ քաղաքում սկսված նախապատրաստական աշխատանքներին:

Զոհրապ Եգանյանը վստահեցրեց, որ ասֆալտապատման աշխատանքներ Գյումրիում իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում: Իսկ վերջին շրջանում ակտիվացած աշխատանքները նա նորմալ համարեց,՝ասելով. «Դե բնական է, որ պետք է լրացուցիչ նախապատրաստական աշխատանքներ լինեին: Իհարկե, լավ կլիներ, որ միշտ այդպես լիներ, բայց այս պահին կա այն, ինչ որ կա: Շատ լավ է, որ այսօր արդեն ունենք օդանավակայանը մայրաքաղաքին կապող ճանապարհ»:

Հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիում դպրոցները չեն աշխատելու, պարոն Եգանյանը պատասխանեց. «Դպրոցներ փակելու կամ չփակելու մասին ոչ մի տեղեկատվություն չկա: Եթե սովորական աշխատանքային օր է, այդպես էլ լինելու է»:
Զոհրապ Եգանյանը հավելեց նաեւ, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե այդ օրը Գյումրիում մարդկանց են դուրս հանելու փողոցներ. «Այն, որ գալիս է ՌԴ նախագահը, բնականաբար մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացնելու: Գյումրի շատ պաշտոնյաներ են եկել ու հաշվի առնելով փորձը՝ կարող եմ ասել, որ մարդիկ փողոց դուրս կգան, բայց միայն հետաքրքրության համար»:

Զոհրապ Եգանյանի դիտարկմամբ, մարդիկ Գյումրիում դրական են տրամադրված Վլադիմիր Պուտինի այցին. «Հայաստանի ամենապրոռուսական քաղաքն է Գյումրին, քանի որ Գյումրիում հարյուրավոր ռուսներ են ապրում, կապը շատ մեծ է: Այստեղ անգամ նշվում են ռուսական տոները: Չհաշված, որ բազմաթիվ գյումրեցիներ գնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան»: