Որսորդ կա՝ զենք չկա
Նոյեմբերի 28-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել:
Մենատնտես 41-ամյա Վրեժ Գրիգորյանը ոչխարներին սարից տուն բերելուց հետո նրանց անմիջապես փարախ չի տարել՝ թողնելով տնից մոտ 50 մետր հեռավորությամբ սեփական այգում, և որոշել է 1 բաժակ սուրճ խմել, ինչը նրա համար արժեցել է մոտ 500.000 դրամ:
30 րոպեում ճիշտ այդքան վնաս են գայլերը նրան պատճառել:
«Մի քիչ էլ մեր անփութության պատճառով է, մեր մեղքի բաժինն էլ կա: Թողել էի՝ առանց մտածելու, որ կարող է էդ պահին գելերը հավաքվեն: Դա մի հատ գայլի բան չի, մի 3-4 հատ եղած կլինեն»,-ասում է Վրեժը:
11 ոչխարից միայն մեկն է փրկվել, որի ապրելու հավանականությունն էլ շատ փոքր է: Մյուսը ոչխարը, որ փոքրիկ գառնուկ ուներ, գոմում է եղել: Վրեժի 8-ամյա որիդին ափսոսում է՝ այս տարի ամեն տարվա պես փոքրիկ գառնուկներ չեն ունենալու: Գրիգորյաններին հասցված վնասը կազմում է շուրջ 500.000 դրամ:
Լորում տարիներ առաջ գայլերը մարդկանց վրա էին հարձակվել:
Դեպքը, որ պատահել է Սիրան Մելքումյանի հետ, շուրջ 25 տարվա վաղեմություն ունի, իսկ 2010թ.-ին հենց գյուղամիջում գայլը հարձակվել էր Արամի եւ Արթուրի վրա: Ի տարբերություն տղաների, որոնց Երեւան էին տեղափոխել, 60-ամյա Սիրան մայրիկին փրկել չի հաջողվել:
Տարվա ընթացքում սարերում անասունների վրա գայլերի հարձակման դեպքեր էլի եղել են: Տարածքում գայլերը շատացել եւ ակտիվացել են՝ ասում են գյուղացիները:
«Գայլերը մեր գյուղին ամեն տարի էլ վնաս հասցնում են: Անցյալ տարի էլ գյուղ են մտել՝ 2 ընտանիքի պատճառելով զգալի վնաս: Անասունները սարից ինչքան իջան դեպի գյուղ, էնքան գայլերը մոտենալու են համայնքին: Բնակիչների մեջ էլ վախ կա, թեպետ գյուղը ամբողջությամբ լուսավորած է, բայց մութն ընկնելուն պես փողոցներում մարդ չես տեսնի»,- նշում է Լոր համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանը:
«Լորում որսորդներ կան բայց զենք չունեն, ինչն էլ դժարացնում է պայքարը գիշատիչների դեմ»,- ասում է գյուղապետը: Գիշատիչներն էլ շարունակ ահուսարսափի մեջ են պահում լեռնային Լոր գյուղի բնակիչներին:
Արմեն Հովակիմյան
Սիսիան