Դատապարտյալը կարել է աչքերն ու բերանը
«Վերանայեք ցմահ դատապարտվածի գործը»։ Այսօր այս գրությամբ պաստառներով գլխավոր դատախազության մոտ էին հավաքվել Արեն Չատինյանի և Հարություն Խաչատրյանի բարեկամներն ու ընկերները։ Ցմահ ազատազրկման դատապարտված Արեն Չատինյանն արդեն 2 օր է՝ հացադուլի մեջ է, իսկ Հարություն Խաչատրյանը ՝ գործի վերանայման պահանջով արդեն երեկվանից կարել է բերանն ու աչքերը։
Արեն Չատինյանի մայրը ՝ Ալլա Մարտիրոսյանը, նշեց, որ մեղադրանքի հիմքում մի քանի հոդվածներ են՝ 2 դանակահարություն՝մեկը ոստիկանի, մյուսը տաքսու վարորդի նկատմամբ, սակայն երկու դեպքերում էլ տուժողները ողջ են մնացել, իսկ 3-րդ դեպքում էլի դանակահարություն տաքսու վարորդի նակատմամբ, որը մահացել է։ Արեն Չատինյանի մայրը նշում է, որ որդին կապ չունի և միակ ապացույցը եղել է այն, որ մահացածի հեռախոսը հայտնաբերվել է Արեն Չատինյանի մոտ։ Այս պահին Արեն Չատինյանի մայրը մտել է դատախազություն՝ պարզաբանումներ ստանալու համար։ Արեն Չատինյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ-ին և այս պահին 27 տարեկան է։