Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները լրագրողի խցիկը չեն վերադարձրել

Հասարակություն
8e9202bd39760ca720cd755c1c247e9e

«Ոստիկանություն-քաղաքացիներ բախումներ՝ ՄՄ-ին միանալու և Պուտինի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ». Այս թեման էր քննարկվում այսօր «Մեդիակենտրոն»-ում՝ բերման ենթարկված ակտիվիստների մասնակցությամբ։

«Բերման ենթարկման պահից սկսած՝ մեզ 2,5 ժամ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից՝ կատարելու օրենքով նախատեսված 1 զանգ՝ որևէ կերպ չհիմնավորելով: 2,5 ժամ հետո մենք կարողացանք կապվել իրավականի հետ, նա եկավ, նրան 1 ժամ շարունակ չէին թողնում բարձրանալ 3-րդ հարկ»,- պատմում է Արթուր Ավթանդիլյանը՝ նկատելով, որ նման թվով բերման ենթարկվածներ վերջին տարիներին չի եղել։

Դեկտեմբերի 2-ի ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել նաեւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վարդան Մինասյանը. «Մոտեցան մարդիկ, իսկ բռնի ուժով գցեցին մեքենան: Փորձեցի զանգել խմբագրություն, այդ պահին մի երիտասարդ հարվածեց ծնոտիս, հեռախոսը ձեռքից ընկավ: Մեքենայում կային 15 և 17 տարեկան երիտասարդներ: 17 տարեկանը ահավոր վախեցած էր, անընդհատ ասում էր՝ կարող է՞ ինձ ծեծեն»։

Երբ ոստիկանության Կենտրոնի բաժնում իմացել են, որ Վարդանը լրագրող է, իր նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է. «Էդ երեխեքին թողած՝ ինձնով էին զբաղվում: Առաջինը ինձ բաց թողեցին: Բաժնում վերաբերմունքը նորմալ էր, բայց մեքենայում ահավոր էր: Էդ խցիկը, որ իմ ձեռքից վերցրին, էդպես էլ չվերադարձրին»։

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը հայտնեց, որ Վարդան Մինասյանի դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն. «Եթե կլինեն մեղավորներ, միանշանակ կպատժվեն»։ Նա պնդում է, որ որևէ մեկին խոսքի ազատությունից զրկելու համար չեն տեղափոխել ոստիկանության բաժիններ. «Ակտիվիստները բարձրախոսներով արտահայտել են իրենց կարծիքը: Որևէ մեկի ձեռքից բարձրախոս չի վերցվել: Բաժին են տարվել բացառապես մարդիկ, ովքեր խախտում են արել»։

«Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ակցիայի ժամանակ մոտեցա, հարցրի, թե ինչո՞ւ եք բերման ենթարկում: Ինձ արհամարհական ձևով ասաց. «Որ դու էստեղից ցվրվեիր, լավ կլիներ»,- պատմում է Զառա Հովհաննիսյանը, ում բերման էին ենթարկվել վաղ առավոտից։

Նալբանդյանի արձանի մոտ փաթաթված են փուչիկներ, մեկը՝ Հայաստանի, մյուսը՝ Ռուսաստանի դրոշների գույներով: Փուչիկները փակցնողներին բերման չեն ենթարկել: Իսկ մարդկանց «Ինքնիշխան Հայաստան» գրությամբ պաստառի համար բերման են ենթարկել:

Նրանց քրեական հետապնդման են ենթարկել նրա համար, որ ասել են՝ «Հայաստանը ինքնիշխան է»: Սա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է՝ ըստ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի. «Այսպիսի իրավիճակ էր Հայաստանում մինչև պուտինիզացիան: Հայաստանը արձանագրում է հետընթաց: Բարի գալուստ Մաքսային Միություն»։