Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այստեղ չեկավ, գնաց Ռուսաստան՝ սպանվեց»

Հասարակություն
8fc6920c0abe6f289a3937f0b8921198

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղի բնակիչ Վարդգես Վարդանյանը, ով փոքրիկ խանութ ունի, գյուղի սոցիալական վատ վիճակը ցույց է տալիս իր խանութի օրինակով` բոլորն առևտուր են անում հետագայում վճարելու խոստումով:

Վարդգես Վարդանյանը ժողովրդի սոցիալական ծանր վիճակի համար մեղադրում է իշխանություններին. «Ո՞ւր է էդ պետությունը, որտե՞ղ է, ժողովրդին թալանել է մենակ, օր օրի ապրանքը թանկացնում են»:

Վարդգես Վարդանյանը պատմում է, որ գյուղի ապրուստի միջոցը հողագործությունն և անասնապահությունն է, սակայն մարդիկ իրացման խնդիր ունեն. «Էս խեղճ ժողովուրդը չգիտի՝ ինչ անի, ոնց ապրի, ախր չեն հասկանում, որ կտրված շրջան է»:

Խանութում ապրանք գրեթե չկար. «Նիսյայով առնում եմ, ծախում գյուղացիների վրա, ես էլ եմ պարտքերի տակ ընկել, բայց ոնց չանեմ, թողեմ կոտորվե՞ն»,-հավելեց Վարդգես Վարդանյանը:

Ի տարբերություն նրա՝ գյուղի մեկ այլ բնակիչ 55-ամյա Սոֆյա Կարապետյանն այդքան էլ դժգոհչէ. «Ես գյուղի առաջին բնակիչներից եմ, և գյուղը բարելավվել է, ես նախընտրում եմ իմ հողում ապրեմ դժվարությամբ, քան օտարության մեջ»:

Տիկին Սոֆյան հավելեց, որ այս պահին իր հողում ունի ամեն ինչ, ինչ հարկավոր է ապրելու համար. «Որ կոպեկ էլ չունենամ, հաստատ սոված չեմ մնա` մշակած հողս ինձ կերակրում է, այ եղբորս էլ ասեցի` արի ստեղ, չեկավ, գնաց Ռուսաստան ու սպանեցին ու ինչի համար`փողի»: