Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազի էժանացում չի լինի». Բագրատյան

Հասարակություն
c77e6e78b122f654715881173bd6c0aa

Ազգային Ժողովի պատգամավորները չգիտեն, թե ինչու Հայաստանը Ռուսաստանին նվիրեց Հայռուսգազարդի իր բաժին 20 տոկոսը, որը գնահատվում է 155 միլիոն դոլար։

«Նվերը տրվեց նրա համար, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա երկարաձգի իր ապօրինի գուբերնատորի պաշտոնի ժամկետը»,- ասում է
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Հանրապետական Վարդան Այվազյանն ինքն էլ չգիտի, թե ինչու Հայռուսգազարդի իր բաժին 20 տոկոսը Հայաստանը նվիրեց ռուսներին. «Շատ նորմալ գործարք եմ ես համարում, որեւէ մեկ հորթ ման չեմ գալիս էդ եզան տակ»։

Ըստ պարոն Այվազյանի, այսպես թե այնպես, 80 տոկոսը ռուսներինն էր, Հայաստանը Հայռուսգազարդում որեւէ որոշում չէր կարող թելադրել։ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը գնահատում է գործարքի քաղաքական նշանակությունը. «Գազի վերաբերյալ տեղի ունեցած համաձայնագիրն այն հնարավորությունն է, որ Հայաստանի բիզնես միջավայրը ստանում է առաջիկա 4 տարիների համար ունենալու էներգետիկ հնարավոր ռիսկերից խուսափելու եւ ավելի ապահով տնտեսվարում իրականացնելու համար»։

Հրանտ Բագրատյանը ենթադրում է, որ այդ նվերը «Գույք պարտքի դիմաց» ծրագրի նման մի բան է. «Նույնիսկ չեմ կարող ասել՝ դա հայերի մոգոնածն է, թե ռուսների սարքածը»։
Ընդդիմադիր պատգամավորը վստահորեն գիտի, որ վերջին ամիսներին Հայաստանը երբեւէ չի խոսել ռուսներին ունեցած որեւէ պարտքի մասին. «Բացի դա, Հայռուսգազարդը ոչ պետական կառույց է, եւ նրա պարտքի հետ մենք ի՞նչ կապ ունենք, ասենք թե ինչ-որ տեղ պարտք է կուտակել»։

Հրանտ Բագրատյանն ասում է, որ այլեւս Հայռուսգազարդ գոյություն չունի, դա Գազպրոմի ռուսների սեփականությունն է, գինն էլ սահմանելու է Գազպրոմը. «Մենք այլեւս չպիտի ՀայՌուսԳազԱրդից կամ Արմեն Մովսիսյանից հարցնենք գազի գինը, պետք է հարցնենք Ռոբերտ Նազարյանից»։

Պարոն Բագրատյանը համոզված է, որ գազի գնի էժանացում չի լինի, պետք է հույս ունենալ, որ չորս տարի հետո ռուսները հանկարծ չորոշեն բարձրացնել սակագինը։