Վարչապետի ասուլիս՝ մաս 2
Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի սղագրությունը (մաս 2)
Հարց -Բարև ձեզ, ուզում եմ հարցնել պայմանագրի վավերացման հետ կապված: Վավերացումն իրավական առումով խիստ կասկածելի էր, այսինքն՝ ձայները տատանվում են 77-ից 72-ի միջև, ինչպես նաև հաշվիչ հանձնաժողովը ոչ լիարժեք էր: Ի՞նչ եք կարծում, դա չի՞ անհանգստացնի ձեր ռուս գործընկերներին: Դա առաջին հարցը:
Երկրորդ հարցը՝ օրերս 2 դեպք արձանագրվեց, երբ ձեր կուսակիցները բավական լկտի պահեցին իրենց լրագրողների հանդեպ, նախ՝ Ազգային ժողովում, քննարկման ժամանակ, և երեկ, երբ քաղաքապետի ատենախոսության պաշտպանությունն էր, երիտասարդներ, որոնք ունեն նկարներ Ձեզ հետ և Սերժ Սարգսյանի հետ, և որոնցից մեկին Դուք պատվոգիր եք տվել, շատ լկտի պահեցին իրենց լրագրողների նկատմամբ:
Եվ երրորդ հարցը՝ եթե կուսակցության ղեկավարը որոշի, որ դուք պետք է լինեք նախագահի թեկնածու, պատրա՞ստ եք Ձեր վրա վերցնել այդ բեռը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցերի համար: Լկտի պահվածքի վերաբերյալ: Ազգային ժողովում գոյություն ունի համապատասխան հանձնաժողով, և եթե այդպիսի դրսևորումներ կան, կարծում եմ, որ այդ դրսևորումները պետք է դառնան դրա քննարկման առարկա: Կարծում եմ, այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել, թե Ազգային ժողովում ինչպիսինն է պատգամավորների կեցվածքը: Դուք ունեք այդ հնարավորությունը՝ հետևելու Ազգային ժողովի աշխատանքներին, Ձեր գնահատականները տալու, այդ աշխատանքները հրապարակային են, և մեր քաղաքացիներն էլ կարող են հետևել ու իրենց գնահատականները տալ:
Երկրորդ՝ քանի հոգի էր մասնակցում քվեարկությանը և քանի հոգի է քվեարկել. այս գործընթացն էլ հրապարակային էր, այնտեղ կային լրագրողներ, և այստեղ էլ մեր քաղաքացիներից, լրագրողներից որևէ գաղտնիք չի եղել: Այն միջադեպերը, որոնք լինում են Ազգային ժողովում՝ ընդդիմության կամ մեծամասնության պահվածքը, դրանց քննարկման տեղն Ազգային ժողովն է, և գործադիրի ղեկավարը կարծում եմ, չպետք է այդպիսի գնահատականներ տա:
«Արմնյուզ» հ/ը - Պարոն վարչապետ, խորհրդարանում գազային պայմանագրերը քննարկելիս Ձեր ընդդիմախոսները քննադատում էին այն դրույթները, որոնցով ՀՀ-ն պարտավորվում էր չընդունել այնպիսի օրենսդրություն, որը կհակասեր կամ վտանգի տակ կդներ «ՀայՌուսգազարդ»-ի կամ հայ-ռուսական գազային պայմանավորվածությունները, և դա համարում էին հակապետական, այն մասով, որ մեկ միջպետական պայմանագիրը չի կարող թելադրել երկրի ամբողջ օրենսդրությանը:
Երկրորդ հարցը՝ հայտնի է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հատկապես բողոքում էին ՏՏ ոլորտում ընդգրկված երիտասարդները: Այդ ընթացքում հանրային խորհուրդը հանդես եկավ միջանկյալ առաջարկներով, օրինակ՝ կուտակային տոկոսները աստիճանաբար բարձրացնել, ընդդիմությունն առաջարկեց հետաձգել մեկ տարով: Որքանո՞վ եք ընդունել այդ առաջարկները, թե՞ համակարգը կգործի 2014-ի հունվարից:
Երրորդ հարցը՝ եվրոբոնդերի՝ պարտատոմսերի վաճառքից եկած առաջին գումարով կառավարությունն անմիջապես մարեց ռուսական վարկը: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինչու՞ որոշվեց առաջինը հենց այդ պարտքը մարել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Շնորհակալություն հարցերի համար: Առաջին հարցը: Արդյո՞ք ՀՀ-ն պետք է այնպիսի գործողություններ իրականացնի, որոշումներ ընդունի, որոնք կվտանգեն ներդրողների շահերը, այն դաշտում, որն ամբողջությամբ կարգավորվում է, որտեղ չկա շուկայական մրցակցություն, որտեղ շուկայական ռիսկերն իրենք չեն կառավարում: Պատասխանը միանշանակ է' այո, ՀՀ կառավարությունը ներդրողների համար պետք է ստեղծի հուսալի միջավայր, և դա չի վերաբերում միայն ՌԴ-ին: Դա վերաբերում է նաև ամերիկացի ներդրողներին, որոնց հետ մենք հավանության ենք արժանացրել նոր ներդրումային ծրագիր, որը վերաբերում է Որոտանի ՀԷԿ-ին: Նմանատիպ երաշխիքներ մենք պարտավոր ենք տալ, քանի որ մարդիկ գալիս են ու այստեղ ներդրումներ իրականացնում կենսական նշանակության ենթակառուցվածքներում: Նրանք ասում են' այո՛, մենք համաձայն ենք այդ բնագառավառում ներդրումներ անել, բայց նաև խնդրում ենք ՀՀ իշխանություններին, որ եթե խաղի կանոնները 30 տարիների ընթացքում փոխվեն ձեր երկրում, ներդրողների շահերը չտուժեն, որ մենք վնասով չաշխատենք, որպեսզի մեր ներդրումները ապահովեն մեզ համար որոշակի եկամտաբերություն: Եվ այդ բանակցությունները վերաբերում են բոլոր այդ հարցերին, որոնք կարող են վտանգ ստեղծել ներդրողների համար: Մենք էլ ստանձնել ենք պարտավորություն, որ ներդրողների համար ՀՀ-ում պետք է լինեն երաշխավորված խաղի կանոններ: Եվ եթե վաղը, մյուս օրը մենք փոխենք մեր օրենսդրությունը, որը կբերի ներդրողների համար միջավայրի փոփոխության և նրանց ներդրումները պետք է նվազեն, մենք պարտավոր ենք հաշվի առնել ներդրողների շահերը: Դա չի վերաբերում միայն Գազպրոմին: Դա վերաբերում է նաև ամերիկյան ընկերությանը, որը նույնպես պետք է մեծածավալ ներդրումներ անի էներգետիկայի բնագավառում, որտեղ գները մենք ենք սահմանում, թե էլեկտրաէներգիան ինչ գնով ենք առնելու: Այս խաղի կանոնները նորմալ են, և որևէ վտանգ ինքնիշխանությանը չկա: Ինքնիշխանության վտանգ կա այն դեպքում, երբ իշխանությունները չեն ստեղծում ներդրողների համար բարենպաստ միջավայր: Այ սա է վտանգում մեր ինքնիշխանությանը: Եվ ոչ թե, երբ մարդիկ գալիս, ներդրումներ են անում ու վստահ են, որ երկարաժամկետ հատվածում իրենց ներդրումներն ապահովելու են եկամտաբերության որոշակի մակարդակ: Բանավեճերի ժամանակ խեղաթյուրված է խնդրի էությունը՝ որտեղ ինչ ներդրումներ են անում մեր ռուս գործընկերները:
Երկրորդ: Եվրոբոնդերի հետ կապված խնդիրը: Սա 2013-ի կարևորագույն միջոցառումներից էր, որ ՀՀ-ն իրականացրեց: Մեր նոր, անկախ պետության կյանքում մենք գործ ունենք մի նոր երևույթի հետ. ՀՀ-ն թողարկեց 700 մլն դոլարի եվրոբոնդեր: Կուպոնային եկամտաբերությունը 6 տոկոս է, տարին երկու անգամ այդ տոկոսները պետք է վճարենք, իսկ մայր գումարը պետք է վճարենք 7 տարի հետո: Այս իրադարձությունը կարևոր է մի քանի տեսանկյունից: Տնտեսական տեսակետից սա ցույց տվեց Հայաստանի վարկունակությունը: Միջազգային ներդրողները պատրաստեն են մեր երկրին տրամադրել մինչև 3 մլրդ դոլար, քանի որ մեզ ներկայացվել էր 2 մլրդ 800 մլն դոլարի հայտ: Այդքան ցանկություն կար՝ գնելու մեր պարտատոմսերը: Մենք բավարարեցինք միայն 700 մլն-ը: Սա կարևորագույն քաղաքական ազդակ է, քանի որ հստակ ֆինանսական քարտեզի վրա մեր տեղը արձանագրվեց կոնկրետ ներդրողների համար: Նրանք այսուհետ խստագույնս հետևելու են բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներին, և դրանով է պայմանավորված լինելու տոկոսադրույքների տատանումը միջազգային շուկաներում Հայաստանի եվրոբոնդերի առումով: Դուք նույնպես կարող եք հետևել, թե ինչպիսին է ՀՀ-ի տնտեսական վիճակը՝ հաշվի առնելով, թե ինչպես են տատանվում տոկոսադրույքները համաշխարհային շուկաներում: Եթե տեսնենք, որ տնտեսական համակարգի ռիսկայնությունը բարձրանում է, բնականաբար, տոկոսադրույքները վերև կբարձրանան, եթե վիճակը կայուն է, տոկոսադրույքները կայուն կլինեն: Սա կառավարության գործողությունների նկատմամբ միջազգային ներդրողների կողմից վերահսկողության կարևորագույն գործիք է :
Երրորդ: Ինչո՞ւ մենք որոշեցինք մարել ռուսական վարկը: Առաջին հերթին, քանի որ մեր վարկային պորտֆելում դա ամենաթանկ վարկն էր՝ լիբոր + 3 տոկոս, մանավանդ որ մենք արդեն սկսել էինք մայր գումարի մարումը: Բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ այս գործարքից մենք ունենալու էինք ֆինանսական եկամուտներ, ինչը և արձանագրվեց 2014թ. բյուջեում: Երբ մենք Ազգային ժողովում հանդես եկանք եզրափակիչ ելույթով, մենք ներկայացրեցինք բացատրություններ 2014թ-ի բյուջեի ճշգրտումների վերաբերյալ: Դրանք վերաբերում են արտաքին պարտքի սպասարկման գումարներին ու տոկոսավճարներին: Դրանք կտրուկ նվազեցին: Մոտակա 6 տարիների ընթացքում պետական բյուջեի սպասարկման բեռն, ի շնորհիվ այս գործարքի, նվազեց, քանի որ ենթադրվում է, որ ամբողջ գումարը մարելու ենք 7 տարի հետո, իսկ այդ 7 տարվա ընթացքում միայն այդ 6 տոկոսները տարեկան կտրվածքով պետք է մարենք, ինչը մեզ հնարավություն տվեց 10 մլրդ-ից ավել լրացուցիչ գումար խնայել 2014-2021 թթ-ին: Եթե համեմատում ենք ռուսական վարկի սպասարկումն ու եվրոբոնդերի սպասարկումը, մենք տնտեսապես ավելի ձեռնտու միջավայրում հայտնվեցինք: Իսկ մնացած վարկերը, որ կան մեր պորտֆելում, ավելի արտոնյալ տոկոսադրույքներով վարկեր են՝ հիմնականում միջազգային կազմակերպություններից՝ Ասիական զարգացման բանկից, Համաշխարհային բանկից, ՎԶԵԲ-ից: Նրանց գրանտային տարրը շատ ավելի մեծ է, քան ռուսական վարկինը:
Կենսաթոշակների վերաբերյալ: Եթե կցանկանաք, ավելի մանրամասն պատասխանեմ, քանի որ գիտեմ, որ շատերին է այն հետաքրքրում: Աշխարհի ամենաբարդ ռեֆորմը մասնագետները համարում են կենսաթոշակային ռեֆորմը: Սա պարզ բացատրություն ունի: Քանի որ ենթադրում է առնվազն 35 տարվա հաշվարկներ, առնչվում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ և առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու շահերին: Եվ միևնույն ժամանակ ենթադրվում է, որ մեխանիզմները պետք է ստեղծվեն կառավարման բոլոր օղակներում՝ սկսած հարկայինից մինչև ոստիկանություն: Բոլոր այդ ինստիտուտներում պետք է լինեն հատուկ համակարգեր, որոնք առնչվում են կենսաթոշակային բարեփոխման հետ՝ հաշվարկների, եկամուտների, տվյալների պահպանության, անվտանգության ապահովման և այլն: Դրա համար էլ այս ռեֆորմի նախապատրաստման համար մենք ծախսել ենք 10 տարի ժամանակ, Հայաստան ենք հրավիրել աշխարհի լավագույն մասնագետներին: Աշխարհի հեղինակավոր կառույցների հետ ենք համագործակցել՝ սկսած Համաշխարհային բանկից՝ ավարտած կոնկրետ պետությունների ղեկավարներով, որտեղ առկա էին կենսաթոշակային բարեփոխումներ: Մեր մասնագետները հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու այդ երկրների փորձը: Եվ այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, այդ թվում նաև հրապարակային՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ: Ամենաքիչը 10 այդպիսի ժողով ես եմ անցկացրել ԶԼՄ-ների հետ, որ մեր հանրությանը առավելագույն տեղեկություն տրամադրենք: Սա բացառիկ օրենքներից է, որը մի քանի անգամ քննարկվել է հանրապետության նախագահի գլխավորությամբ, կոալիցիոն կուսակցությունների մասնակցությամբ, մինչև որ մենք այս օրենսդրական փաթեթն ուղարկեցինք Ազգային ժողովի հաստատմանը: Սա բացառիկ օրենքներից է, որ ընդունվել է 2010-ին, բայց ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարից: Այսինքն՝ տվել ենք նաև ժամանակ, որ տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները, մեր քաղաքացիները նախապատրաստվեն օրենքի այդ կիրառությանը: Այդ աշխատանքի ընթացքում բոլոր նրբությունները հաշվի ենք առել՝ մանավանդ ունենալով այլ երկրների փորձը: Բնականաբար, ինչպես վատ ուսանողը քննությունից մի քանի ժամ առաջ է սկսում պատրաստվել քննությանը, նույնը տեղի ունեցավ մեզանում: Մեկ էլ մարդիկ սկսեցին հաշվել, թե 2014-ի հունվարից հետո ինչ է տեղի ունենալու իրենց եկամուտների հետ: Դա նշանակում է, որ այժմ մենք պետք է քննարկենք կենսաթոշակային ռեֆորմի բովանդակությունը: Այն խարսխված է հետևյալ կարևորագույն քաղաքական սկզբունքի վրա, որը արմատական փոփոխություն է մեր հասարակության համար: Այսուհետև ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: Եթե դուք ունեք աշխատանք ու եկամուտ, դուք պարտավոր եք մտածել ապահով ծերության մասին: Սա է քաղաքական սկզբունքը: Մենք հրաժարվում ենք սերունդների համերաշխության սկզբունքից, քանի որ մեր պետությունն այլընտրանք չունի, եթե մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն թոշակի անցնելուց հետո ապահով ապրեն: Այլընտրանք չկա: Այլընտրանքը հետևյալն է: Այսօր մենք ունենք 500 հազար քաղաքացի, ովքեր վճարում են միասնական սոցիալական հարկ, և սերունդների համերաշխության սկզբունքի ներքո այդ հարկերը մենք պետք է ուղղենք այսօրվա 550 հազար թոշակառուներին, այնպիսի կենսաթոշակ վճարենք, որ նրանք իրենց ծերությունը ապահով համարեն: Այս համակարգը այդ երաշխիքը չի ստեղծում, քանի որ մեր 500 հազար հարկ վճարողների կողմից վճարված գումարները բավարար չեն պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար: Այսօր մենք վճարում ենք 33 հազար դրամ միջին թոշակ: Եթե դիտարկենք աղքատության շեմը, եթե մարդը ստանում է այդքան կենսաթոշակ, միայն կարողանում է լուծել սննդի նվազագույն պահանջարկը: Դա նշանակում է, որ երբ մարդն անցում է թոշակի, և դա է ապրելու իր միակ միջոցը, ինքն աղքատ է: Դա նշանակում է, որ ամեն թոշակի անցնողը հայտնվում է աղքատության մեջ: Սա անընդունելի տարբերակ է: Մյուս տարբերակը միասնական սոցիալական հարկը բարձրացնելն է, որը նույնպես ընդունելի չէ, քանի որ հարկային բեռի ավելացումը զսպում է տնտեսական աճը: Տնտեսական աճը զսպելը նշանակում է չունենալ հեռանկար, չկարողանալ լուծել քաղաքական խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև: Պետք է մի հանգամանք ևս ավելացնել: Այսօրվա կենսաթոշակային համակարգը արդար չէ, քանի որ հաշվի չի առնում, թե մարդն ինչ աշխատանքային կենսագրություն է ունեցել, ինչքան հարկ է վճարել աշխատանքի ընթացքում, ինչ եկամուտներ է ունեցել: Իր ապահով ծերությունը պայմանավորված է մի հանգամանքով, թե այդ պահին պետությունը ինչ ֆինանսական հնարավորություններ ունի նրան թոշակ տրամադրելու: Դա արդար համակարգ չէ: Դրա համար մենք ունենք միակ հնարավարություն՝ անցնել պարտադիր կուտակային համակարգի: Մեր պետությունն ասում է՝ սիրելի՛ երիտասարդներ, դուք պետք է ստանձնեք ձեր ապագայի համար այդ սոցիալական պատասխանատվությունը, դուք պետք է ձեր եկամուտներից 5 տոկոս կուտակեք ամեն տարի, որ անցնեք ապահով, երաշխավորված կենսաթոշակի, որ 35-40 տարի հետո չառնչվեք աղքատության խնդրի հետ: Սա է մեր ռեֆորմի բովանդակությունը: Իհարկե, կան այս հարցի շուրջ քաղաքական սպեկուլյացիաներ: Կարծես թե կան գաղտնի լուծումներ՝ ինչպես այսօր կարելի է կենսաթոշակային խնդիրը լուծել: Այն ստանդարտ բանաձևերը՝ շտամպային դարձած, որ կարելի է մեկ ակնթարթում օլիգարխներից այդ գումարները վերցնել, տալ թոշակառուներին, բարձրացնել նրանց կենսաթոշակը: Հասկանալի է, որ սրանք պոպուլիստական մոտեցումներ են, և աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել այդ ճանապարհով կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել: Այն պետությունները, որոնք փորձել են հեղափոխական ճանապարհով միջամտել, հաջողության երբևիցե չեն հասել: Տրամաբանությունն, այսպիսով, շատ պարզ է: Հասկանալի է, որ նաև կա դիմադրություն: Այն չպետք է շատ սուր ընդունել, քանի որ ցանկացած բարեփոխում հանդիպում է դիմադրության: Հասարակությունն այդպիսին է, քաղաքացիական հասարակությունը՝ առավել ևս, այդպիսին պետք է լինի: Իշխանական ցանկացած գործողություն, ցանկացած պարտադրանքի գործառույթ առաջին հերթին պետք է արժանանա դիմադրության, իսկ իշխանությունները, դա հասկանալով, պետք է ավելի լավ պատրաստվեն՝ այդ պարտադրանքի գործիքը կիրառելիս: Դրա համար մենք 10 տարի ենք պատրաստվել: Սրան այլընտրանք չկա, ու սա լավագույն լուծումն է, որ այս պահին մենք ունենք: Մեր երիտասարդները բազմաթիվ հարցեր են մեր առջև դնում՝ սկսած նրանից, որ նրանք 35-40 տարվա կտրվածքով վստահություն չունեն, որը հասկանալի է, և այդ գնահատականներն են հասկանալի: Բայց մյուս կողմից, ինչպե՞ս կարող ենք մենք մեր քաղաքացիների մոտ երկարաժամկետ առումով ստեղծել դրական, պոզիտիվ սպասումներ այսպիսի համակարգային ռեֆորմներում: Երբ մենք քաղաքացու հնարավորություն ենք տալիս 20 տարվա հիպոթեքային վարկով այսօր բնակարան ձեռք բերել, դա նշանակում է, որ նա առնվազն 20 տարվա պլանավարում է անում իր կյանքում: Երբ ՀՀ քաղաքացուն այսօր իր կենսաթոշակային հաշվի վրա կուտակում է 5 տոկոս և ամեն օր հետևում, թե հաշիվն ինչպես է կառավարվում, ինչպես են աճում եկամուտները, դա նշանակում է, որ նա իր կյանքը 35-40 տարի պլանավորում է: Դա միջավայր է փոխում, փոխում է մեր ենթագիտակցությունը, մեր վարվելականոնները: Դա նշանակում է այսուհետև 275 հազար քաղաքացի պլանավորելու է իր կյանքը՝ առնվազն 30 տարվա կտրվածքով: Դա նշանակում է երկարաժամկետ առումով պոզիտիվ սպասումներ: Սա հեշտ փոփոխություն չէ, ցավոտ է, մենք դա գիտակցում ենք: 275 հազար հոգի հունվարի մեկից նոր կյանք է սկսելու, որովհետև մենք օրենքի ուժով պարտադրում ենք նրանց իրականացնել որոշակի գործողություններ և նրանք կրելու են նաև պատասխանատվություն իրենց որոշումների համար, քանի որ նրանք պետք է վերահսկեն կենսաթոշակային հիմնադրամներն, ընտրեն սխեմաները: Նրանք որոշում կայացնելու հնարավորություն են ստանում, դառնում են պահանջատեր, քանի որ պետությունը ամեն ամիս պարտավոր է կրկնապատկել նրանց խնայողությունները: Նրանք դառնում են խստապահանջ քաղաքացիներ, և սա նպաստում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Ինչու՞ եմ ես վստահ, որ հաջողություն ենք ունենալու: Բերեմ երկու օրինակ: Սոցիալական փաթեթը ներդնելիս հիշու՞մ եք Ազգային ժողովում մեզ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում: Ասում էին՝ ավելի լավ է այդ գումարով աշխատավարձը բարձրացնեք, չենք հավատում այդ համակարգի արդյունավետությանը, ավելի լավ է 130 հազարը կանխիկ տվեք, այս ինչե՞ր եք հորինել, և այլն: Այսօր մեր հարցումները ցույց են տալիս, որ սա, ըստ մեր քաղաքացիների գնահատականի, ամենահաջողված ռեֆորմն է: Մարզերում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մի հարց են իմ առջև դնում՝ ընդլայնեք սոցիալական փաթեթից օգտվողների թիվը: Դպրոցներում ուսուցիչներն ասում են, որ միայն ուսուցիչների վրա չտարածվի, այլ նաև սպասարկող անձնակազմի վրա էլ, քանի որ սա շատ լավ ռեֆորմ է: ես համոզված եմ, որ կենսաթոշակային բարեփոխումը մեր քաղաքացիների կողմից արժանանալու է նույն գնահատականին:
«Հանրային ռադիո» ռ/կ -Պարո՛ն վարչապես, հարցս կրկին վերաբերում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին: Դուք իհարկե նշեցիք, որ 10 տարի շարունակ շատ ակտիվ աշխատել եք, ամեն ինչ իդեալականին է մոտեցված: Կառավարության ենրկայացուցիչների կողմից էլ պարբերաբար ասուլիսներին շատ բարձր մակարդակով ներկայացվում է կատարված գործը, բայց ուզում եմ մի դիտարկում անել, որն ինձ անձամբ հետաքրքիր է, քանի որ 2014-ից ես ինքս էլ եմ պարտադիր կենսաթոշակային վճարումներ անելու: Կա երկու եվրոպական հիմնադրամ, որոնք արդյունքում հավաքելու են այդ ամբողջ գումարը, և այդ հիմնադրամներում մենք պահ ենք տալու մեր գումարները: Մինչ այսօր այդ հիմնադրամների կառավարիչների կողմից որևէ գնահատական, ներկայացում չի արվել, թե ինչ գործողություններ են անելու, ինչ գործառույթներով են այդ ամբողջն իրականացնելու, և այն 40 տոկոս գումարը, որ պետք է եվրոպական երկրներում ներդրվի, և այն 60 տոկոս գումարը, որ պետք է ՀՀ-ի տնտեսության մեջ ներդրվի, մենք մինչև այսօր տեղեկություն չունենք: Այդ մասով կարծում եմ, որ առանձնապես բաց և թափանցիկ չի արված գործը: Կցանկանայի ձեր տեսակետն ու մեկնաբանությունը լսել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խաղի կանոնները հենց կենսաթոշակային հիմնադրամների համար սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, այսինքն՝ Ձեր հարցերի պատասխանները մեր օրենքները տալիս են: Այդ խաղի կանոնները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին: Նպատակը հետևյալն է՝ ապահովել Ձեր խնայողությունների հուսալիությունը, և այդ հուսալիության չափանիշներն ու կանոնները օրենքով են ամրագրվում: Այն երկու առաջնակարգ ընկերությունները, որոնք այսօր արտոնագրեր են ստացել Կենտրոնական բանկի կողմից, համապատասխանում են այդ չափանիշներին և այդ չափանիշներով աշխատելուն: Առաջին և ֆունդամենտալ խնդիրը Ձեզ համար լուծված է: Դուք գիտեք այդ խաղի կանոնները, որոնցով այդ հիմնադրամները աշխատելու են: Երկրորդ մասով ես Ձեզ հետ համաձայն եմ, ես կխնդրեմ ԿԲ մեր գերծընկերներին, որ մանրամասն տեղեկություններ տան այդ երկու ընկերությունների մասին, կառավարիչների մասին, որ դուք տեսնեք, որպեսզի նրանց հետ շփվեք, բայց ամենակարևորը ոչ թե կառավարիչներն են, այլ այն, որ այդ երկու ընկերությունները ունեն բարձր վարկանիշ, այսինքն՝ նրանց ռիսկայնության աստիճանը չափազանց ցածր է: Հավանականությունը, որ դուք ձեր խնայողությունները կկորցնեք, չափազանց ցածր է: Եթե վերցնենք վերջին 50 տարիների կենսաթոշակային հիմնադրամների աշխատանքների պատմությունը, կտեսնենք, որ հավանականությունը, որ այդ հիմնադրամներն իրենց միջոցները կկորցնեն, մոտ է զրոյի, իսկ որպեսզի հանրությանն ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրվի կոնկրետ երկու ընկերությունների մասին, ես կխնդրեմ ԿԲ գործընկերներին, որպեսզի զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը լինի: Ներդրումները ինչպե՞ս են իրականացվելու' սահմանված է օրենքով: Այդ ներդրումները պետք է գնան միայն դեպի հուսալի աղբյուրներ, այսինքն՝ այդ ընկերություններին արգելվում է ռիսկային գործառույթներ իրականացնել: ԿԲ-ի վրա դրված է պարտականություն, որպեսզի ԿԲ-ն սահմանի բենչմարտներ այդ կառավարիչների համար, թե ինչպես են նրանք կառավարելու, ինչ գործիքներում են կարողանալու ներդնել, որպեսզի այդ միջոցները մի կողմից լինեն հուսալի, մյուս կողմից ապահովեն որոշակի եկամտաբերություն մեր քաղաքացիների համար: Եվ այդ խաղի կանոնները մի կողմից սահմանված են օրենքով, մյուս կողմից որոշակի լիազորություններ տրված են ԿԲ-ին, որովհետև ԿԲ-ն ակտիվների կառավարիչների համար այդպիսի կարողություն ունի' սահմանել նման չափանիշներ, որոնք էապես նվազեցնում են ռիսկերը: Որ այդ ֆինանսական միջոցները կարող են փոշիանալ կամ կորչել, նույնիսկ այդ պարագայում մեր օրենսդրությունը շատ խստապահանջ է, որովհետև այդ ռիսկերի դրսևորման պարագայում էլ պետությունն այդ ռիսկերը ծածկելու է:
«Ժողովուրդ» օրաթերթ - Շնորհակալություն, պարոն վարչապետ ես կուզենայի իմանալ ռուսական գործընկերների հետ Ձեր բանակցությունները ի՞նչ ավարտ են ունեցել՝ կապված առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հնարավորության հետ: Հայտնի է, որ կարագը, ձեթը, շաքարավազը, թռչնամիսը առաջիկայում թանկանալու են, ի՞նչ արդյունքներ ունենք, և երկրորդը՝ Դուք կարծես թե հպանցիկ շրջանցեցիք այն հարցը, թե ի՞նչ եք անելու Սերժ Սարգսյանի հրահանգը չկատարելու մասով և Ձմեռ պապից շատ սպասված այս հարցը՝ արդյոք տալու եք հրաժարական, թե՞ ոչ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար: Հրահանգ ասելով նկատի ունեք 7 տոկոսանոց աճը, որ դրված է մեր կառավարության առջև: Մենք պլանավորում ենք փետրվար-մարտ ամիսներին հանդես գալ հաշվետվությամբ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հետո կստանանք ձեռնարկությունների հաշվետվությունները, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշները: Դա հնարավորություն կտա մեր մասնագետներին ներկայացնել հաշվետվություններ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, և բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որ ազդել են տնտեսական աճի ցուցանիշների վրա: Եվ կհասկանանք, թե արդյոք կառավարությունն արել է առավելագույնն այդ քաղաքական թիրախը ապահովելու համար: Ինչ վերաբերում է մեր բանակցություններին արդեն Մաքսային միության բանակցությունների շրջանակներում, քանի որ մաքսատուրքերի խնդիր գոյություն ունի, և իսկապես այդ խնդիրն առնչվելու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների հետ, որոնք Դուք նշեցիք՝ կարագ, ձեթ, շաքարավազ և այլն: Մոտավորապես այս պահին կա 400 ապրանքատեսակ, որոնք մենք անվանում ենք զգայուն: Եվ եթե դուք ծանոթանաք ճանապարհային քարտեզի հետ, որը հաստատված է արդեն մեր նախագահների կողմից, կտեսնեք, որ այդ ճանապարհային քարտեզում մատնանշված է միջոցառում, որ մենք պետք է Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Եվրասիական հանձնաժողովի հետ ավարտենք բանակցությունները այդ զգայուն ապրանքատեսակների շուրջ և գանք համաձայնության, թե ինչ ռեժիմներ ենք սահմանում: Կա մի քանի տարբերակ. ենթադրվում է, որ մենք մայիս ամսին պատրաստ ունենանք Մաքսային միության անդամակցության պայմանագիրը: Այդ պայմանագիրն ունենալու է հավելվածներ, որտեղ նկարագրված են լինելու անցումային դրույթները, այդ թվում նաև հստակ պատասխաններ են տրվելու զգայուն ապրանքատեսակների վերաբերյալ, թե ինչ մոտեցումներ ենք որդեգրելու: Մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ ասենք մի քանի տարիների ընթացքում կիրառվելու են հին դրույքաչափերը, որոնք ապագայում սահուն ձևով բարձրացվելու են: Կարող են առաջարկվել այլ լուծումներ: Միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ ասել, որ իրականում մեր երկրի տնտեսության վրա, մեր քաղաքացիների վրա սակագների բարձրացումից որևէ ազդեցություն միանշանակ չի լինելու, որովհետև որոշ ապրանքնատեսակների մաքսային սակագների բարձրացումը կարող է խթանել ազգային արտադրության աճը՝ օրինակ՝ մսամթերքի, հավի մսի, խոզի մսի ներմուծումը: Դուք գիտեք, որ Մաքսային միությունը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է իրականացրել իր ներքին շուկան պաշտպանելու, և այդ ապրանքների մաքսային տուրքերը վրա բավական բարձր են: Դա նշանակում է, որ շատ ավելի ձեռնտու կլինի Հայաստանում ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, նույն տավարի մսի արտադրության մեջ, որի գներն այսօր բավական ցածր են: Այդ ոլորտի բիզնեսմենները բողոքում են, որ այդ միսը մրցունակ չէ էժան մսի հետ, որ ներմուծվում է Հնդկաստանից: Այդ առումով նաև այս միջավայրը չի խթանում, որ նոր ներդրումներ լինեն տավարաբուծության, խոզաբուծության բնագավառում: Իսկ մաքսատուրքերի բարձրացումը նշանակում է, որ մեր արտադրողները պաշտպանված կլինեն էժան ապրանքների ներմուծումից և այդտեղ ձեռնտու կլինի նոր ներդրումներ անել, մեր տեղական արտադրանքի ծավալները կարող են աճել: Իհարկե, դա դրական կողմն է, իսկ բացասական կողմն այն է, որ մաքսատուրքերի բարձրացումը ենթադրում է, որ այդ ապրանքների գները կարող են բարձրանալ, դրանք նուրբ խնդիրներ են, որ մենք պետք է հունվար-փետրվար ամիսներին բանակցությունների շնորհիվ գանք եզրակացման և ներկայացնենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, թե ինչ լուծումներ են հնարավոր:
«Panorama.am» լ/կ - Պարոն վարչապետ, անկեղծ ասած, ես երկու հարց էի նախապատրաստել, հուսով էի կհնչեն ու ես հարց չեմ տա, բայց իրականում հարցերը շատացան և լրացուցիչ պարզաբանումների կարիք կա: Գործընկերներիս թույլտվությամբ, եթե կարելի է, արագ մի քանի հարց: Դուք խոսեցիք, որ Հայաստանի պարագայում առաջարկվել է Կալինինգրադի մարզի գործիքակազմը, բայց մի հանգամանքի հետ կապված կարծես թե լռեցիք . երաշխիքներ կա՞ն, որ Վրաստանը կլինի այնպիսի գործընկեր, ինչպիսին Լիտվան է, և երկրորդ՝ ինչպես է կիսվելու մաքսային տորթը՝ առանց Հայաստանի արտաքին մաքսային սահմանի վրա գոյացող եկամուտների, բաժանումը ներկայումս տեղի է ունենում 4-7-89 տոկոս հարաբերակցությամբ, Հայաստանը մոտավորապես ի՞նչ ակնկալիք ունի այս բաժնում: Սա երկրորդ, և երրորդ՝ կուտակայինի հետ կապված. պարոն վարչապետ, Դուք խոսեցիք, բայց մենք ունենք հսկայական զանգված, այդ թվում նաև երիտասարդ անձանց՝ հիմնականում գյուղաբնակ, ովքեր ինքնազբաղ են և ըստ էության չի նշմարվում, թե ներդրվող կուտակային համակարգից ինչպես պետք է օգտվեն, եթե կան լուծումներ այդ մասին, խնդրում եմ: Եվ վերջում՝ ամենակարևորը, խոսենք մենք գազային թեմայից, թե ֆինանսաբանկային հատվածից, գալիս հանգում ենք մի խնդրի՝ թափանցիկ կորպորատիվ կառավարման: Իրականում Հայաստանում այսօր ոչ ոք չգիտի այս կորպորացիաների ղեկավար անձնակազմը՝ թոփ մենեջմենթը որքա՞ն է վաստակում, որքա՞ն բոնուսներ է ստանում: Եթե իմանայինք, գուցե մի քիչ լավատես լինեինք: Այս առումով ի՞նչ եք մտադիր անել: Ես գիտեմ, որ ԿԲ-ը պարզապես օրենքով նախատեսված պարտավորություն ունի հրապարակելու մասնավոր հատվածում բանկերի ղեկավար անձնակազմի աշխատավարձը. երբևէ չեմ տեսել նման ինֆորմացիա, շնորհակալություն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Սկսեմ վերջին հարցից: Բացառվում է, որ Դուք երբևէ տեսած չլինեք, եթե ունեցել եք այդ ցանկությունը, որովհետև ամեն տարի ԱԺ-ում, երբ ԿԲ-ն պետական բյուջեի քննարկումների շրջանակներում ներկայացնում է եկամուտների և ծախսերի նախահաշիվը, դա ամենաբուռն քննարկման առարկան է եղել: Ես ևս 10 տարի ներկայացրել եմ ԿԲ-ի եկամուտներն ու ծախսերը, և դա եղել է թիվ մեկ հարց: Մենք ամեն տարի ԱԺ-ին ներկայացնում ենք տեղեկանք, թե միջին բանկային համակարգի աշխատավարձերի մակարդակն ինչպիսին է, որպեսզի ԿԲ-ի աշխատավարձը համապատասխանի միջին բանկային ցուցանիշին, և դա օրենսդրությամբ սահմանված նորմ է: Մեր պատգամավորները միշտ էլ խստապահանջ են այդ նորմի նկատմամբ: ԿԲ-ն, մի կողմից, ներկայացնում է տեղեկանք, թե միջին աշխատավարձն ինչպիսին է բանկային համակարգում, մյուս կողմից' ներկայացնում է տեղեկանք, թե այն բյուջեի նախագծով, որ ներկայացնում է, թե ինչպիսին է լինելու միջին աշխատավարձը ԿԲ-ում. այդ նորմը սահմանվել է նրա համար, որպեսզի ԿԲ-ն մրցունակ լինի աշխատուժի շուկայում և կարողանա որակյալ մասնագետներ ունենալ, և այդ նորմը պահպանվում է, ոչ մի գաղտնիք չկա: Կորպորատիվ կառավարման վերաբերյալ. որպեսզի մասնավոր ընկերությունները հրապարակեն, թե իրենց մենեջմենթն ինչքան աշխատավարձ է ստանում, մտածում եմ, որ գուցե մեր հանրության մի փոքր զանգվածի հետաքրքրում է, բայց ոչ հիմնական զանգվածին: Նրանց հետաքրքրում է, թե բարձրաստիճան անձինք ինչքան են ստանում, ոչ թե մասնավոր հատվածն ինչքան է ստանում: Դրա համար կարծում եմ ճիշտ կլինի մենք կենտրոնանանք աշխատավարձերի ռեֆորմի վրա, որ 2013-ին մենք իրականացրինք և երկար սպասված ռեֆորմ էր սա: Առաջին անգամ օրենսդրորեն ամրապնդեցինք հիմնական նորմերը, թե իշխանության տարբեր թևեր ինչ հարաբերակցության մեջ պետք է գտնվեն աշխատավարձերի սանդղակի ներքո, տարբեր պաշտոնատար անձինք այդ սանդղակում ինչ տեղ պետք է գրավեն: Այսուհետև այդ քաղաքական որոշումը կայացվել է, մոտակա 10 տարիների ընթացքում աշխատավարձերի բնագավառում լինելու է ընկալելի քաղաքականություն: Սա շատ ավելի կարևոր հանգամանք է եկամուտների ծրագրման և վերահսկողության ապահովման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է Կալինինգրադին. ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ Դուք օգտագործեցիք, որ մեզ առաջարկվել է Կալինինգրադի գործիքը. ես այդպիսի բան չասացի, ես ասացի, որ մենք ուսումնասիրել ենք Կալինինգրադի փորձը, դա այլ բան է, որովհետև Հայաստանի համար առաջարկվող մեխանիզմը դեռևս քննարկվում է, և մենք կարծում ենք,որ կլինի այնպիսի մեխանիզմ, որը հաշվի կառնի Կալինինգրադի փորձը, բայց կլինի մեզ համար ավելի բարենպաստ: Տրանզիտային սխեմա է մշակվում, որը ենթադրում է, որ Վրաստանը դիտարկելու է այդ ապրանքը որպես տրանզիտային ապրանք, և տրանզիտային ռեժիմով է ապրանքը հատելու Վրաստանի սահմանը: Դա նշանակում է նաև, որ Ռուսաստանում մաքսավորն ամբողջությամբ ընդունելու է Հայաստանի մաքսավորի կողմից դրված կնիքը և ապրանքը, որ հայտվելու է Հայաստանի մաքսավորի կնիքով Ռուսաստանի մաքսավորի մոտ, զննման ենթակա չէ և ավտոմատ մտնելու է մաքսային միասնական տարածք: Եվ այս ամենն իրականացվելու է միջազգային պայմանագրերի շրջանակներում, և այդ տրանզիտի սխեմաները մենք մտադիր ենք առավելագույնս պարզեցնել և փառք Աստծո, որ որևիցե խնդիր չունենք մեր վրացի գործընկերների հետ, մաքսային կանոնները խստագույն պահպանվելու են:
Երկրորդ հարցը, որը միգուցե շատերին կհետաքրքրի, տորթի մասին: Նկատի ունենալով, որ Մաքսային միության երկրները մաքսատուրքերը գանձում են սահմանի վրա, բայց այդ մաքսատուրքերը պարտադիր չեն, որ վերաբերեն կոնկրետ այդ երկրին, բայց քանի որ միասնական տարածք է և ենթադրենք ռուսական որևիցե մի ձեռնարկություն Իրանից ապրանք է տեղափոխում Ռուսաստան, եթե այդ ապրանքը մաքսազերծվում է Մեղրիում, մեր մաքսակետում, այդ գումարը հայտնվում է միասնական կաթսայի մեջ: Հետագայում այդ միասնական կաթսայից որոշակի բանաձևով որոշվում է, թե այդ կաթսայում հավաքված գումարի որ մասն է հայտնվելու Հայաստանի պետական բյուջեում, որ մասը՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի: Տրամաբանությունը, որով այսօր ղեկավարվում են Մաքսային միության ղեկավարները, հետևյալն է: Հիմք է ընդունվում 2007-2008 թթ.վիճակագրությունը, թե այդ պետություններն ինչքան ապրանքներ են ներկրել երրորդ երկրներից: Այդ վիճակագրությունը միասնական մեթոդաբանությամբ գոյություն ունի, և մենք հստակ գիտենք, թե ինչ ծավալի ապրանք են ներմուծել Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Հայաստանը: Երկրորդ ցուցանիշը հետևյալն է՝ այդ ապրանքների գծով 2008 թվականին ինչքան մաքսատուրք են վճարել տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի բյուջե: Այս թվերի հիման վրա որոշվում է բոլոր երկրների տեսակարար կշիռն այդ միասնական կաթսայի մեջ: Եվ այդ տեսակարար կշռով էլ հետագայում այդ կասթայից գումարները փոխանցվում են ՀՀ պետական բյուջե:
Ձեր հաջորդ հարցը վերաբերում էր կուտակային կենսաթոշակային ռեֆորմին ու մասնավորապես՝ ինքնազբաղվածներին: Այստեղ մենք շատ պարզ բանաձև ենք կիրառում. նրանց վճարումները հաստատագրված սկզբունքով են իրականացվելու, և նրանց խնայողությունների կրկնապատկումը պետության կողմից նույնպես հաստատագրված սկզբունքով է կատարվելու, որպեսզի մենք խուսափենք ավելորդ ռիսկերից, որոնք կարող են ավելանալ ինքնազբաղվածների մոտ: Մասնավորապես՝ որպեսզի չծանրաբեռնենք հաշվետվություններով, դրանց ստուգումներով և այլն: Եվ ինքնազբաղվածները, եթե կցանկանան ավելին կուտակել, քան օրենքով սահմանված հաստատագրված վճարներն են, կարող են օգտվել կենսաթոշակային համակարգի երրորդ՝ կամավոր բաղադրիչից: Այստեղ կարող են ավելի շատ գումարներ կուտակել:
«Մեդիամաքս» -Պարոն վարչապետ, ուզում եմ երկու հարց ուղղել Ձեզ։ Առաջինը գազի գնի վերաբերյալ։ Ասացիք, որ սահմանի վրա 189 դոլար է, համամիտ եմ, որ դա իսկապես լավ, մատչելի գին է։ Բայց չխոսեցիք այն մասին, որ մենք՝ վերջնական սպառողներս, այդ գազը ստանում ենք 156 դրամով և եթե բազմապատկում ես 1000 խորանարդ մետրով, ապա ստացվում է, որ մենք այն գնում ենք մոտավորապես 390 դոլարով, որը համահունչ է այն գներին, որոնք կան բազմաթիվ եվրոպական և այլ երկրներում։ Այսինքն՝ իրականում մեզ համար դա այնքան էլ էժան չէ։ Կա՞ արդյոք մտադրություն վերանայել այդ գները, ինչո՞վ է դա պայմանավորված։ Եվ երկրորդ հարցս, որը նաև առնչվում է օլիգարխներին և այդտեղ մատնանշած խնդիրներին. կա Փակ շուկայի խնդիրը, այսինքն շատերը կարծում են, որ այդ խնդիրը փակ է, մենք շատ երկար ժամանակ հետևել ենք այդ խնդրի հանգուցալուծմանը, և արձանագրել ենք, որ բազմաթիվ պաշտոնյաներ ընդունել են, որ պետությունն անզոր է այս հարցում, ընդունել են իրենց մեղքը, նշել են, որ այն ինչ որ արվում է, սխալ է, որովհետև, փաստորեն Փակ շուկան գտնվում էր պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Աղճատված տեսքով այն այժմ արդեն որպես խանութ է գործում։ Ես ուզում եմ Ձեր տեսակետը լսել այս խնդրի վերաբերյալ և նաև հասկանալ' ինչո՞ւ այդ պաշտոնյաներից որևէ մեկը, ով նաև ընդունել է սեփական անզորությունը, պատասխանատվություն չի կրել այն ամենի համար, ինչ որ տեղի է ունեցել։ Շնորհակալություն։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Համաձայն եմ Ձեզ հետ, որ աղճատված էին պետական գործառույթները այդ առումով։ Ես ինքս դժգոհ եմ պետական կառավարման մարմինների աշխատանքից, նրանց աշխատանքը հստակ չէր, հանրությանը մտահոգող հարցերին հստակ պատասխաններ չէին տրվում, գործառույթներն իրականացվում էին ժամանակի ձգձգումներով, փորձ էր կատարվում մեկ պետական գերատեսչության կողմից խնդիրը բարդել մեկ այլ գերատեսչության վրա, և, համաձայն եմ Ձեզ հետ, որ այստեղ մենք ունենք բացեր։ Դասեր պետք է քաղենք նաև օրենսդրական կարգավորման մի մեծ փաթեթ ենք պատրաստել։ Այդ փաթեթը քննարկվել է ինձ մոտ։ Խոսքը վերաբերում է կառուցապատման կանոններին, պատասխանատվության հստակեցմանը, խստացումներին, որպեսզի մենք կարողանանք պահպանել Երևանի փոքր կենտրոնի ճարտարապետական դեմքը և այն մշակութային ժառանգությունը, որ ունենք։ Շուտով մենք այդ փաթեթը կներկայացնենք հանրության դատին և կսկսենք հրապարակային քննարկում, որ ապագայում նման դեպքեր չունենանք։
Անդրադառնալով առաջին հարցին. սահմանի վրա մենք գազը ձեռք ենք բերում 189 դոլարով 1000 խորանարդ մետրի համար, ՀՀ սպառողին այն հասնում է 310 դոլարով։ Միջինացված գինը դա է, որովհետև քաղաքացիները ստանում են Ձեր նշած գումարով, բայց տնտեսավարող սուբյեկտները ստանում են ավելի էժան։ Այսինքն, քաղաքացիների վրա դա նստում 340, տնտեսավարող սուբյեկտների վրա՝ 270։ Միջինացվածը 310 դոլարն է։ Համաձայն եմ Ձեզ հետ, որ 310 դոլարն էլ բավականին բարձր գին է գազի համար։ Դրա կառուցվածքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է և՛ հանրությանը և՛խորհրդարանում մի քանի անգամ լսումների ժամանակ։ Այդ տարբերությունն առաջին հերթին ներառում է «ՀայՌուսգազարդի» ծախսերը, որոնք կազմում են մոտավորապես 60 դոլար։ Երկրորդը կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 11 դոլար, երրորդ բաղադրիչը ավելացված արժեքի հարկն է, որը կազմում է 50 դոլար, և սրանք հիմնական այն հոդվածներն են, որոնք սպառողի համար ավելացնում են գինը։ Գաղտնիքը, որը կարող է մեզ օգնել նվազեցնել գազի գինը այն է, որ գազի սպառման ծավալները եթե ավելանան, բնականաբար այդ ծախսերի տեսակարար կշիռը էապես կնվազի և գազի գինը սպառողների համար կարող է նվազել։ Դրա համար, եթե լինեն նոր, մեծածավալ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես «Նաիրիտի» գործարկումը կամ այն նոր համաձայնագիրը, որը «Ռոսնեֆտը» ստորագրեց իտալացիների հետ, այդ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել գազի սպառման ծավալների աճին, և դա էլ կարող է բերել գազի գնի նվազման։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ սոցիալապես խոցելի խավերի համար մենք սուբսիդավորել ենք գազի գինը, որպեսզի գազը նրանց ընտանեկան բյուջեների վրա լրացուցիչ ծախս չլինի: Մենք ունենք նաև հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այս ծրագիրը շարունակելու ենք և 2014 թվականին, որպեսզի գազի թանկացումը սոցիալապես խոցելի խավերի վրա բացասաբար չանդրադառնա։
«Ա1+» լ/գ - Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, կուզենայի իմանալ, արդյոք ռուսական կողմի հետ քննարկել եք «գույք պարտքի դիմաց» նրանց հանձնված օբյեկտները գործարկելու հարցը, և երբ Դուք խոսում եք 150 հազար դրամանոց աշխատավարձերի մասին, արդյոք այդ օբյեկտները ներառված են դրա մեջ։ Դուք հույս ունե՞ք, որ դրանք կաշխատեն և կապահովեն 150 հազար դրամանոց աշխատատեղեր։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ Մերգելյանի ինստիտուտի և «Մարս» արտադրական միավորման ճակատագրերին։ Այս հարցը մշտապես գտնվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Խնդիրն այն է, որ մենք մեր ռուս գործընկերների հետ մշակեցինք մի հայեցակարգ, որը նաև իրացրեցինք, այդ ձեռնարկության բազայի վրա Հայաստանում ձևավորել ազատ տնտեսական գոտի։ Օրենսդրությունն ամբողջությամբ ընդունել ենք, և 2013 թվականին ընտրել ենք օպերատորին և ազատ տնտեսական գոտին գործարկել ենք։ Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի ծրագիր, ո