Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի ասուլիս՝ մաս 3

Պաշտոնական
4f768ba07ee51aace6241389ae884424

Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի սղագրությունը (մաս 3) «Ա1+» լ/գ - Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, կուզենայի իմանալ, արդյոք ռուսական կողմի հետ քննարկել եք «գույք պարտքի դիմաց» նրանց հանձնված օբյեկտները գործարկելու հարցը, և երբ Դուք խոսում եք 150 հազար դրամանոց աշխատավարձերի մասին, արդյոք այդ օբյեկտները ներառված են դրա մեջ։ Դուք հույս ունե՞ք, որ դրանք կաշխատեն և կապահովեն 150 հազար դրամանոց աշխատատեղեր։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ Մերգելյանի ինստիտուտի և «Մարս» արտադրական միավորման ճակատագրերին։ Այս հարցը մշտապես գտնվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Խնդիրն այն է, որ մենք մեր ռուս գործընկերների հետ մշակեցինք մի հայեցակարգ, որը նաև իրացրեցինք, այդ ձեռնարկության բազայի վրա Հայաստանում ձևավորել ազատ տնտեսական գոտի։ Օրենսդրությունն ամբողջությամբ ընդունել ենք, և 2013 թվականին ընտրել ենք օպերատորին և ազատ տնտեսական գոտին գործարկել ենք։ Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի ծրագիր, որը ենթադրում է, որ ազատ տնտեսական գոտում մենք արտադրելու ենք հայկական այֆոններ, հայկական պլանշետներ, այփադներ, և կկարողանանք բավարարել մեր խստապահանջ քաղաքացիների պահանջը այդ ապրանքների նկատմամբ և սա էլ, կարծում եմ, այդ ոլորտի լուրջ ձեռքբերումներից է 2013 թվականին։ -Իսկ մյուս օբյեկտնե՞րը... Ես մատնանշեցի կոնկրետ այն օբյեկտները, որոնց ես առնչվել եմ միջռուսական հարաբերությունների շրջանակներում։ Սրանք են այն հարցերը, որոնք եղել են օրակարգային հարցեր։ «Բլումբերգ» - Պարոն վարչապետ, մի քանի օր առաջ դուք նշեցիք, որ Թուրքիան միակողմանի որոշում է ընդունել ջրամբարներ կառուցելու և որ դա ըստ փորձագետների լրջագույն խնդիրներ է առաջացնելու Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների համար։ Դուք կարո՞ղ եք մատնանշել, ի՞նչ է նշանակում «լրջագույն խնդիրներ»։ Օրինակ, ջրային ռեսուրսների այն մասը, որ ձևավորվում են Թուրքիայի տարածքում, այլևս Հայաստան չի գալու, ի՞նչ ծավալի մասին է խոսքը և արդյո՞ք իրավական առումով ինչ-որ լուծում հնարավոր է գտնել այդ միակողմանի որոշման դեմ կամ գուցե այդ որոշումը մեղմելու կամ երկկողմանի արդյունավետ դարձնելու համար։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Համապատասխան հանձնարարական տրվել է Արտաքին գործերի նախարարությանը այն պահից, երբ մենք ստացանք տեղեկություն, որ Թուրքիայի կառավարությունն ընդունել է այդպիսի որոշում և ֆինանսական միջոցներ է հատկացրել ջրամբարների կառուցման համար, որոնք հիմնականում կառուցվում են այն գետերի վրա, որոնք սնուցում են այն ջրային պաշարները, որոնք գտնվում են Արարատյան դաշտավայրում և որոնց օգտագործման վերաբերյալ կան միջազգային պայմանագրեր և համատեղ շահագործման կանոններ։ Այդ ջրամբարների կառուցումն էապես նվազեցնելու է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները: Մասնագետների գնահատականով դա մոտավորապես մինչև 50 տոկոս կարող է նվազեցնել մեր ջրային պաշարները։ Մեր մասնագետները, իրավաբանները, այսօր ուսումնասիրում են այդ խնդիրը, թե իրավական ի՞նչ կարգավորման եղանակով մենք պետք է առաջնորդվենք։ Սա մի ուղղություն է, խնդիրը հստակ ձևակերպված է, մենք ունենք տաղանդավոր երիտասարդ մասնագետներ, որոնք ստացել են փայլուն կրթություն աշխարհի լավագույն համալսարաններում և հիմա հենց այն պահն է, որ իրենց գիտելիքները պետք է ծառայեցնեն այս կարևորագույն խնդրի լուծմանը։ Եվ նրանք պատրաստում են զեկույցներ, համադրում են միջազգային իրավունքի նորմերը, և կմշակեն առաջարկություններ արտաքին գործերի նախարարության համար։ Երկրորդ խնդիրը վերաբերում է մեզ, որովհետև մենք նույնպես անխնամ ենք վերաբերվում Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին, մասնավորապես խոսքը խորքային հորերի շահագործման մասին է։ Հիշում եք, որ 2013 թվականին մի մեծ խորհրդակցություն տեղի ունեցավ հանրապետության նախագահի մոտ, ոլորտի գիտակները, ինստիտուտի ղեկավարները ներկայացրել էին մի վերլուծական նյութ, որը ցույց էր տալիս, որ այստեղ անհրաժեշտ է պետության անհապաղ միջամտությունը, որպեսզի մենք կարգավորենք այդ դաշտը և թույլ չտանք այդ խորքային ջրային հորերի անարդյունավետ օգտագործումը։ Դեռևս տարիներ առաջ 2004-2006 թվականներին օրենքով ձկնաբուծության ոլորտի ձեռնարկություններին տրվել էր մեծ արտոնություն. ջրօգտագործման վճարների համար սահմանվել էր, որ նրանք պետք է վճարեն բնօգտագործման վճարի միայն 5 տոկոսը, այն դեպքում, երբ արդյունաբերական ձեռնարկությունները վճարում էին 50 տոկոսը։ Եվ հաշվի առնելով, որ հիմնականում այդ խորքային հորերի ջրերը օգտագործում են ձկնաբուծարանները, որոշում կայացվեց, որ այլևս այդ արտոնությունը պետք է վերացվի։ Եվ մենք նրանց հավասարեցրինք արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Նրանք պետք է վճարեն բնօգտագործման պարտադիր վճարի 50 տոկոսը։ Մի կողմից դա նպաստելու է, որ ջուրը շատ արդյունավետ օգտագործվի, մյուս կողմից պետությունը կունենա լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք ուղղելու ենք արդեն անօրինական ջրային հորերի փակմանը և վերացմանը։ Մենք նպատակ ունենք փակելու այդ խորքային հորերի 50 տոկոսը, քանի որ մոտավորապես հենց այդքան են գնահատվում անօրինական գործող հորերը, և ամեն մի հորի վրա շուրջ 2-3 միլիոն դրամի ծախս պետք է կատարվի, որպեսզի կարողանանք այդ հորերը դուրս բերել շրջանառությունից և ջրի կորուստներ չունենանք։ Եվ դրանով իսկ մենք ուզում ենք կարգավորել նաև ջրային պաշարները Արարատյան դաշտավայրում, որոնք այսօր վտանգված են։ «Արմենիա» հ/ը - Պարոն վարչապետ, դուք լավատեսության կոչ արեցիք։ Կառաջարկեի նշեիք այդ լավատեսության հիմքերը և մասնավորապես ինչպես կբնութագրեք երկրի տնտեսական վիճակը, և որն է տնտեսական տարվա գլխավոր ձեռքբերումը և բացթողումը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Սա ծավալուն հարց է, կարծում եմ։ Բացթողումների, թերությունների մասին, կարծում եմ տեղեկատվության պակաս չի եղել և առաջին հերթին շնորհիվ խստապահանջ զանգվածային լրատվական միջոցների, որոնք ցանկացած բացթողում, թերացում դարձնում են հրապարակային քննարկման առարկա։ Դրա համար ես կփորձեմ անդրադառնալ այն ձեռքբերումներին, որոնք իրականում 2013թ. եղել են։ Առաջինը արդյունաբերության ոլորտում տնտեսական աճի ցուկցանիշն է։ 7.1 տոկոս տնտեսական աճը արդյունաբերության ոլորտում հուսադրող ցուցանիշ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում այն կայուն միտում ունի։ Երկրորդ կարևոր ցուցանիշը գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող աճն է՝ 6.1 տոկոս։ Դա նույնպես լավ ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 15 հազ. հեկտար հողեր լրացուցիչ մշակման առարկա դարձան հենց 2013 թ, անասնապահության բնագավառում 7տոկոսանոց անասնագլխաքանակի աճ ենք արձանագրել: Չափազանց կարևոր է, որ սերմնաբուծության բնագավառի մեր ծրագրերը տալիս են դրական արդյունք։ 2012 թ. մեկ հեկտարից 26 ցենտներ բերք էինք հավաքում, որ լավ ցուցանիշ է ՀՀ-ի համար, որովհետև նախորդ տարիներին 10-15 ցենտներ էինք հավաքում մեկ հեկտարից, 2012-ին այդ ցուցանիշը հասավ 26 -ի, 2013 -ին՝ 30-ի, որովհետև մենք կարողացանք ներմուծել ժամանակակից սերմեր և կարողացանք սերմնաբուծության ոլորտում արմատական փոփոխություններ կատարել, որը, կարծում եմ, լուրջ նվաճում է։ ՏՏ ոլորտում նույնպես արձանագրվել է աճի բարձր ցուցանիշ, որը նույնպես շարունակական է և սա նույնպես համարում եմ լրջագույն ձեռքբերում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ 2013 թվականին Այբիէմը մուտք գործեց Հայաստան, մենք նրա հետ ստորագրեցինք հուշագիր, Օրակլը մուտք գործեց Հայաստան, Դե լինկը սկսեց շինարարական աշխատանքները Գյումրիում: Այս ամենը վկայում է, որ ՏՏ բնագավառում առաջընթացը մոտակա տարիներին շարունակվելու է։ Կարևոր է, որ մենք եկանք համաձայնության մասնավոր հատվածի հետ և ստորագրեցինք հուշագրեր պետություն-մասնավոր հատված պլատֆորմով, նոր ծրագրեր, որոնք վերաբերում են թեթև արդյունաբերությանը, կոշկագործությանը : Դա նշանակում է, որ հիմքեր են ստեղծվում այդ ոլորտում նոր ներդրումների համար, մանավանդ որ մենք մեզ համար այսուհետև ունենալու ենք մի մեծ շուկա Մաքսային միության առումով։ Կարևոր է, որ ՋիԷսՓի պլյուսը (17.48) ևս մեկ անգամ Եվրամիությունը հաստատեց։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, արտադրողները կարող են իրենց ապրանքը առանց մաքսատուրքի արտահանել Եվրամիության շուկա։ Մաքսատուրքերը նվազեցված են կամ զրոյացված են։ Դա միևնույն ժամանակ Մաքսային միությունում մեր հարաբերական առավելությունն է լինելու, քանի որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարել և այստեղից ապրանքները արտահանել Եվրոպական միություն։ Եվ Ալռոսայի խնդիրը, որի վեճը դատարանում մենք շահել ենք, քանի որ հակադեմպինգային միջոցառումներ էին իրականացվում մեր ձեռնարկության նկատմամբ և այն չէր կարողանում ալյումինից պատրաստված ֆոլգան վաճառել եվրոպական շուկայում։ Մենք հուսով ենք, որ հունվարի տասնհինգին դատարանի որոշումը կմտնի ուժի մեջ, և եվրոպական հանձնաժողովը, որը կիրառում էր հակադեմպինգային միջոցառումներ, կվերացնի դրանք և մեզ համար կբացվի նոր շուկա, իսկ դա նշանակում է լրացուցիչ լուրջ ներդրումներ այդ բնագավառում։ Տուրիզմի բնագավառում տասներկուսուկես տոկոսանոց աճը նույնպես հուսադրող է, ավիափոխադրումների ազատականացումը, կարծում եմ, 2013թ.-ի կարևորագույն միջոցառումներից էր, մենք արդեն արձանագրում ենք ավիատոմսերի գների նվազում, իսկ 2014 թվականին այդ միտումները շարունակվելու են և խորանալու են։ Ձեռքբերումներից մեկը եվրոբոնդերի թողարկումն էր, որը ես նշեցի, քանի որ դա հնարավորություն է ստեղծում մասնավոր ընկերությունների համար ավելի էժան ֆինանսական ռեսուրսներ ներգրավել միջազգային շուկաներից, և դա նշանակում է, որ տոկոսադրույքների նվազում տեղի կունենա մեր շուկաներում, ինչը կնպաստի, որ տնտեսությունն ավելի էժան կարող է ստանալ վարկային միջոցներ։ GMP ստանդարտի ներդրումը դեղագործության բնագավառում 2013 թվականի կարևորագույն նվաճումներից է։ Դա նշանակում է, որ դեղ արտադրող ձեռնարկությունը, որը 38 տոկոսով դեղագործության արտահանման մեջ ունի ուրույն տեսակարար կշիռ և դա նշանակում է նոր շուկաներ դեղագործների համար և մենք ուրախ ենք, որ արդեն ևս երեք ընկերություններ պատրաստ են հայտեր ներկայացնելու այդ միջազգային ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատը ստանալու համար: Առաջին անգամ մեր ներդրումային հիմնադրամը իրականացրեց լայնածավալ գործառույթներ` տրամադրելով սուբսիդիաներ, էժան վարկեր, ֆինանսավորելով մասնավոր հատվածի մասնակցությունը բազմաթիվ միջազգային ֆորումներում, որպեսզի մեր ապրանքները և ծառայությունները ներկայացված լինեն տարբեր կոնֆերանսների, բիզնես- ֆորումների ժամանակ, որպեսզի հնարավորություն ստեղծվի մեր արտահանողներին` իրենց ապրանքներն արտահանելու, և ես կարծում եմ, որ սա նույնպես կարևոր ձեռքբերում է: Եթե անդրադառնանք սոցիալական ոլորտին, ապա այդտեղ մենք մի քանի նոր ծրագրեր ենք ներդրել, որոնք իրենց արդյունքները տալու են։ Առաջին հերթին ես նշեցի, որ անապահով խավերի ընտանիքների երեխաները կարող են անվճար սովորել բուհերում, քոլեջներում, և մենք հարյուր տոկոսով երաշխավորելու ենք, որ նրանք կարող են ստանալ կրթություն և ֆինանսական միջոցների բացակայությունը նրանց համար խոչընդոտ չի լինելու։ Միայն 2013 թվականին 71 նախակրթարաններշահագործման հանձնվեցին և դա նշանակում է, որ 210 համայքներում նախադպրոցարանները սպասարկում են շուրջ 7 հազար երեխայի։ Եվ սա պահանջված ծառայություն է։ Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում մենք կարողացանք լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել և բարձրացնել կենսաթոշակների մակարդակը։ Դա նշանակում է, որ շուրջ հիսուն հազար ընտանիք կկարողանա դուրս գալ ծայրահեղ աղքատության շեմից։ Իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է: Այսպիսով, 2014-ի համար մենք ստեղծել ենք լուրջ նախադրյալներ, որպեսզի աղքատության ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում նվազի։ Ինչպիսի այլ նվաճումներ ունենք։ Եթե ոլորտային նվաճումներին անդրադառնանք, կարող ենք նշել, որ գիտության ոլորտում այն ծրագիրը, որը մենք ձեզ հետ միասին ներկայացնում ենք հանրությանը` Քենդլ ծրագիրը, իր առաջին դրական արդյունքը տվեց, և այս տարվա ավարտին առաջին էլեկտրոնային փունջն ստացվեց: Սա լրջագույն ձեռքբերում է մեր գիտնականների համար: Դա նշանակում է, որ այն ժամանակակից սարքավորումը, որ այսօր մենք ունենք Հայաստանում, կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել գիտնականների համար, և նրանք կարող են իրենց փորձերն իրականացնել այդ սարքավորումներով, ինչը նշանակում է, որ գիտության մեկ ոլորտ ստանում է լուրջ գործիք, որպեսզի մենք այդտեղ արձանագրենք նվաճումներ, ձեռքբերումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից կարող եմ նշել «Մենթոր գրաֆիկս» ընկերության նախագահի հայտարարությունը, որ չիպերի դիզայնի բնագավառում Հայաստանը համաշխարհային շուկայում արդեն ունի հինգ տոկոս. սա լրջագույն ձեռքբերում է, քանի որ որևիցե այլ բնագավառում այդպիսի մեծ տեսակարար կշիռ մենք երբևիցե համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ չենք ունեցել: Երկրորդը կոնյակագործությունն է, որի տեսակարար կշիռը կազմում է երկու տոկոս: Սա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք արդեն ունենք նաև մասնագիտացում: Մշակույթի ոլորտում ունեցել ենք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին ուզում եմ նշել «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, որի շնորհիվ գյումրեցիները և մեր քաղաքացիները հնարավորություն ունեցան ապրել հարուստ մշակութային կյանքով: Նաև ուզում եմ նշել, որ շնորհիվ այն վարկային միջոցների, որոնք մենք ստացանք Ավստրիայի կառավարությունից, Օպերայի և բալետի շենքը, ձայնի համակարգերը, լուսավորության համակարգերը, բեմն այսօր համապատասխանում են լավագույն եվրոպական ստանդարտներին: Պարտատոմսերի տոկոսադրույքների նվազումը, ինչի մասին մենք խոսում ենք վերջին հինգ տարիների ընթացքում. 2013 թվականին չորս տոկոսային կետով նվազեց պարտատոմսերի տոկոսադրույքը, որը երկու բան է վկայում` առաջինը, որ վստահությունը մեծացել է պետության կողմից թողարկվող պարտատոմսերի նկատմամբ, մյուս կողմից` դա նշանակում է, որ հիմքեր են ստեղծվում վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցման համար, ինչը փոխառող միջոցներն էժանացնում է: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբեկտները կարող են ավելի էժան միջոցներ ստանալ: Կարծում եմ, հարգելի գործընկերներ, ցանկության դեպքում կարելի է թվարկել այն դրական ձեռքբերումները, այն դրական արդյունքները, որոնք առկա են մեր երկրում։ Դրա համար պետք է առաջին հերթին ցանկություն՝ տեսնել այդ դրական նվաճումները և ձեռքբերումները։ «Haynews.am» լ/կ - Պարոն վարչապետ, վերջերս մամուլում կրկին անդրադարձան օֆշորային սկանդալին և հրապարակում եղավ այն մասին, որ այդտեղ ներգրավված է նաև մի կին` Նաիրի Մեհրեջ անունով, ով բարեկամ է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին և Կիպրոսում նաև ունի մահացածների անուններով գրանցված «Մկների ժողով» կազմակերպություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն։ Երևի տարօրինակ կլիներ, եթե այս հարցը չհնչեր՝ օֆշորային սկանդալի վերաբերյալ։ Առաջինը ուզում եմ ասել, որ ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի այս պատմությունը մինչև վերջ բացահայտվի։ Թե ինչպես էր հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն և այդ ձեռնարկության հիմնադիրների մեջ հիշատակել իմ անունը։ Մի բան արդեն պարզ էր, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ես որևիցե առնչություն չունեմ այն պարզ պատճառով, որ երբ այդ ձեռնարկությունը գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը և այդ ժամին ես չեմ եղել Կիպրոսում և ընդհանրապես, երբ ես դարձել եմ վարչապետ, ես ընդհանրապես Կիպրոսում չեմ եղել։ Ուրեմն այդ ձեռնարկության գրանցման հետ որևէ առնչություն չունեմ։ Ես հույս ունեմ, որ հետաքննող լրագրողները հետամուտ կլինեն, և ձեր հրապարակած այդ նոր տեղեկությունը կներկայացնեն հանրության դատին, որ այդ կինը, որն իմ անունով Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում գրանցել է մի ձեռնարկություն մահացած մարդկանց անունով, և այդ կինը հենց նույն այն կինն է, որն օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած, և ինձ համար նույնպես հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություն կտա, արդյոք դա նրա համար նույնպես անսպասելի տեղեկություն է, թե այս տեղեկության աղբյուրներում հենց իր անձն է կանգնած, և այս սկանդալային պատմությունն ունի քաղաքական ենթատեքստ։ Ես կցանկանամ, որպեսզի փարատվեն այս կասկածները, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այն զանգվածային լրատվական միջոցները, որ այս թեմային մեծ ուշադրություն են դարձնում, լուսաբանեն այս դրվագը և ներկայացնեն մեր հանրության դատին։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» - Հայրենի իշխանությունների դիրքորոշումը Մաքսային միությանը միանալու մասին, ինչ ժամկետում եք պլանավորում ավարտել գործընթացը: Եվ երկրորդ հարցը` սառը եղանակի մասին. ի՞նչ ունեք ասելու, ե՞րբ է տաքանալու: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ցավոք սրտի, մոտակա օրերին չեն խոստանում, որ եղանակը կբարելավվի: Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը, որը հաստատվեց նախագահների կողմից ենթադրում է, որ արդեն մայիսին պետք է ունենանք Մաքսային միությանը միանալու պայմանագիրն իր հավելվածներով: Սա այն խնդիրն է, որ դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք մեր երկրի լավագույն մասնագետներն են, բանիմաց և գիտակ, և պատահական չէ, որ ՄՄ մեր գործընկերները բարձր գնահատեցին մեր թիմի աշխատանքը: Դա նշանակում է, որ պետք չի մեր մասնագետների գիտելիքները, կարողությունները թերագնահատել և պիտակավորել այդ մասնագետների կողմից կատարված աշխատանքը: Դա վիրավորական է ոչ միայն վարչապետի, իշխանությունների, այլև կոնկրետ մարդկանց, մասնագետների համար: Նրանք նվիրումով աշխատել են և իրենց աշխատանքը, պրոֆեսինալիզմը գնահատում են մեր գործընկերները: Ամեն ինչ համեմատության մեջ է դրսևորվում: Իսկապես մեծածավալ աշխատանք է կատարվել և դրա շնորհիվ է, որ այս չորս ամսվա ընթացքում կարողացանք գալ համաձայնության Եվրասիական հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խմբի մասնագետների հետ ճանապարհային քարտեզի շուրջ, և դա է այն երաշխիքը, որ կկարողանանք մինչև մայիս նախապատրաստել պայմանագրերը: Եթե այս ժամանակահատվածում գանք համաձայնության մեր գործընկերների հետ բոլոր սուր և կարևոր հարցերի շուրջ, որոնք մտահոգում են և որոնք պետք է ստեղծեն բարենպաստ միջավայր մեր տնտեսվարողների համար, դա նշանակում է, որ հունիսին այդ պայմանագրերը կներկայացվեն չորս երկրների պառլամենտների վավերացմանը: Մենք աշխատում ենք այսպիսի ժամանակացույցով: «Ռոյթեր» լ/գ - Պարոն վարչապետ, ձեր ասածներից կամ Մաքսային միության մասին ինֆորմացիան, որ գոյություն ունի կամ տարածվել է, կարելի է ենթադրել, որ ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում կամ մեզ համար ավելի ձեռնտու տարբերակ է, քան Ասոցացման համաձայնագիրը: և երկրորդ հարցը` Միջազգային վալյուտային հիմնադրամը Հայաստանի դոնորներից է, ծրագիրը ավարտվեց, նոր ծրագիրը սկսվե՞ց, ի՞ նչ նոր ծրագիր է, ի՞նչ պայմաներում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ուզում եմ անդրադառնալ մի քննդատության, որ հնչում է մեր հասցեին, որ դուք եվրոպամետ էիք, հետո դարձաք ռուսամետ: Արդյո՞ք ՄՄ-ն ավելի ձեռնտու է, քան ԱլԳ-ն. նման հարցադրումների պատասխանը սա է: Մենք առաջին հերթին հայամետ ենք, և ցանկացած համագործակցություն միջազգային ասպարեզում հետապնդում է մեկ նպատակ` ստեղծել մեր քաղաքացիների, տնտեսության համար բարենպաստ պայմաններ, միջավայր: Մեր քաղաքական սկզբունքը միշտ եղել է նույնը: Փորձել ենք 2 ուղղությունները դիտարկել փոխլրացնող: Ես մշտապես ԱԺ-ում այս 5 տարվա ընթացքում հանդես եմ եկել նույն քաղաքական հայտարարությամբ: Մենք ուզում ենք 2 ուղղություններով էլ շարունակել համագործակցությունը և չենք ուզում դիտարկել, որ Մաքսային միության անդամակցությունը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ մեր պայմանավորվածությունների, համագործակցության ավարտ է: Մենք ուզում ենք այս 2 ուղղություններով աշխատանքները տեսնել փոխլրացնող: Սա մեր քաղաքական դիրքորոշումն է: Ուրախ ենք, որ ԵՄ գործընկերները համամիտ են, և մենք աշխատում ենք նոր ֆորմատով մեր համագործակցությունը շարունակելու: Ուզում եմ նշել, որ սա նույնպես չափազանց կարևոր է, մեր ռուս գործընկերներն էլ չափազանց դրական են վերաբերվում մեր այս քաղաքական դիրքորոշմանն ու աջակցում այս հարցում: Նրանք նույնպես շահագրգռված են, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունում գնա դիվերսիֆիկացման ուղղությամբ և բարելավի իր հարաբերությունները միջազգային կառույցների և գործընկերների հետ: Դա նշանակում է, որ ԵՄ-ի հետ շարունակելու ենք աշխատել և փորձելու ենք ստեղծել բարենպաստ պայմաններ մեր քաղաքացիների համար: 2013 թվականի կարևորագույն նվաճումը GSP+ն է: Եվրոպական պառլամենտը ևս մեկ անգամ հաստատեց հանձնաժողովի հայտը և Հայաստանը օգտվելու է GSP+ ռեժիմից, ինչը նշանակում է, որ մեր ապրանքներն առանց մաքսատուրքերի հայտնվելու են եվրոպական շուկայում: Բանակցություններն ընթանում են` առաջին փուլը ավարտեցինք, հարցերի մեծամասնությունը լուծում է ստացել: ՀՆԱ ցուցանիշի, հարկային բեռի և վարչարարության մասին էլ համաձայնության կգանք: Այս պահի դրությամբ ոչ թե ֆինանսական օժանդակություն է, այլ այն հանգամանքը, որ ծրագիր ունենանք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը կներառի այն բոլոր ուղղությունները, որտեղ մենք ունենք բազմաթիվ անելիքներ: Այդ ռեֆորմները կստանան միջազգային կառույցների օժանդակությունը: Սա մեզ համար կարևոր է: Իսկ ֆինանսական ծրագրերը, որ ԱՀԿ-ն պլանավորում է իրականացնել, 120-150 միլիոն դոլարի մասին է խոսքը: Գումարը նվազեցվել է, որովհետև մակրոտնտեսական ցուցանիշները չորս տարվա համար ավելի բարվոք են, քանի որ ԱՀԿ-ն ֆինանսական օժանդակություն տրամադրում է ընթացիկ հաշվի ճեղքվածքի փակման համար, որը բարելավվել է և դրա համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվելու: «Հետք» - Երկու հարց: Մաքսային միության ճանապարհային քարտեզը ստորագրելուց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծիք արտահայտեց Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանների մասին: Քննարկվո՞ւմ է, որ սահմանային անցակետեր դրվեն ՀՀ և ԼՂՀ միջև: Տնտեսական աճի տեմպի անկման պատճառների վերաբերյալ կան օբյեկտիվ պատճառներ: Կա՞ն արդյոք սուբյեկտիվ պատճառներ, օրինակ` կառավարության զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Իհարկե, կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնց կանդրադառնանք, և դա առանձին խոսակցության թեմա է լինելու, թե որոնք են այն գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա: Դուք ճիշտ եք, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունն իր ազդեցությունը թողնում է տնտեսական աճի ցուցանիշների վրա, այդ թվում նաև բյուջեի դեֆիցիտի: Եթե պետությունը շատ ծախս է անում, դա խթանում է տնտեսական աճի ցուցանիշը 05-08 տոկոսային կետով, պետական բյուջեի դիֆիցիտի թերակատարումը բացասական ազդեցություն է ունենում համախառն ներքին արդյունքի վրա: Բնականաբար, վերլուծությունների ժամանակ այս ցուցանիշը կներկայացնեն: Բյուջեի նախագիծը ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ ես ներկայացրի այն գործոնները, որոնք 2013 թվականին բացասաբար են անդրադարձել ՀՆԱ-ի վրա: Բայց ամբողջական պատկերը կստանանք և նորից կներկայացնենք ձեր դատին: Առաջին հարցին պատասխանեմ. Ղարաբաղի թեման քննարկվել է ՄՄ անդամակցելու կոնտեքստում: Ղազախստանի նախագահը հարցը հնչեցրել և ստացել է ՀՀ նախագահի հստակ պատասխանը` ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետեր չկան և չեն լինելու: Դրանից հետո Ղազախստանի նախագահը ստորագրել է այն հուշագիրը, որով հավանության է արժանացել ՀՀ ցանկությունը անդամակցելու ՄՄ-ին: Իհարկե հետո խոսակցությունը շարունակվել է, չորս երկրների նախագահները հավանության են արժանացրել ճանապարհային քարտեզը: Մեր համոզմունքն է, որ քաղաքական խնդիրները չի կարելի ընդգրկել մաքսային միությանն անդամակցելու դաշտ: Եթե հետևել եք, երեկ Եվրասիական հանձնաժողովի փոխնախագահ Տատյանա Վալովայան, պատասխանելով մեր լրատվական ծառայության հարցին նշել է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսական գործառույթ է և այն ճանապարհային քարտեզը, որ հաստատվել է, Ղազախստանի կողմից գրավոր առարկություն չունի: Դա նշանակում է, որ ճանապարհային քարտեզը մենք պատրաստվում ենք իրականացնել այն ձևով, որը ենթադրում են Մաքսային միության կանոնները և օրենսդրական դաշտը, որը գործում է ՄՄ պետությունների համար: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը: Ինչո՞ւ է սա ճիշտ ճանապարհ և ընդունելի: ՀՀ-ն ստորագրելով ԱՀԿ-ի հետ համաձայնագիր` չի անդրադարձել այս խնդրին, թեպետ բանակցում էինք տասնյակ պետություններ նման հարցեր չէին առաջադրում, երբ մենք ցանկանում էինք դառնալ այդ կազմակերպության անդամ: ԼՂ խնդիրը խոչընդոտ չէր ԱՀԿ-ի համար: Մենք բանակցում էինք ԱլԳ-ի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ և ԼՂ-ի հարցը չի եղել խոչընդոտ կամ քննարկման թեմա այդ պայմանագիրը ստորագրելու առումով: ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիր ենք ստորագրել, և ԼՂ-ն չի եղել խոչընդոտ Բելառուսի և Ղազախստանի համար, և ազատ առևտրի ռեժիմ է սահմանվել: ՄՄ-ն այդ շարքում բացառություն չի լինելու, և ԼՂ հարցը չի կարող լինել խոչընդոտ: Շարունակելի