Իրավապաշտպանը հարցեր ունի Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Եթե իշխանությունները ոչինչ չեն անում երկրում անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար, պետք է ոտքի կանգի հասարակությունը՝ վստահ է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանը գտնում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռ ձևավորման փուլում է, եւ միաժամանակ ողջունում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր առիթներով փողոց են դուրս գալիս իրենց դժգոհությունն արտահայտելու։ Նա կասկած չունի, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին միայն հասարակության ճնշման տակ թույլ տվեցին տեսակցել իր հարազատների հետ։ Իրավապաշտպանը հատկապես ցավ է ապրում տարեվերջին ծեծի ենթարկված սիրիահայ Բրուտյանների ընտանիքի դեպքի առիթով: Սիրիահայերի նկատմամբ հաշվեհարդար էր տեսել «Մանանդ» տաքսի ծառայության տնօրենի որդին։ Տեղի ունեցածի համար Ավետիք Իշխանյանն առաջին հերթին մեղադրում է Սերժ Սարգսյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։ «Հարցեր ունեմ առաջին հերթին ՀՀ նախագահին, իր ելույթներից մեկում ասում է՝ երկիրը երկիր է, և ես ուզում եմ նրան պատասխանել ու ասել, որ այս երկիրը միայն իրենց համար է երկիր, ոչ թե մնացածի համար»,- ասում է Ավետիք Իշխանյանը։ Հայաստանում միշտ էլ պատժվում է տուժող կողմը՝ ասում է իրավապաշտպանը և որպես վառ օրինակ հիշեցնում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը։ Դիտեք նաեւ տեսանյութը