Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարներ՝ չմաքրված ձյան պատճառով

Հասարակություն
Ճանապարհ-2222

Երեկ գիշեր տեղացած առատ ձյունը Արարատի մարզում դժվարություններ է ստեղծել վարորդների համար։ Արգավանդից Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում ձյան մաքրման աշխատանքներ չեն իրականացվել, ինչի հետևանքով մեքենաները դժվարությամբ են երթևեկում: Վարորդ Գևորգ Ավագյանը դժգոհում է ճանապարհի մաքրման աշխատանքից։ «Ոչ ձյունն են մաքրել, ոչ ավազ են ցանել, ցուրտն էլ սաղ ճանապարհը սառույց ա դարձրել, քշել չի լինում»,- դժգոհում է 29- ամյա վարորդը: Դաշտավան գյուղի բնակչուհի Գրետա Կիրակոսյանն ասում է, որ նույնիսկ ոտքով քայլել հնարավոր չէ. «Ո՞ւմ դարդն է պրծել՝ գյուղերի ճանապարհները մաքրի»: Նշենք նաև, որ այսօր առավոտյան, ժամը 9:10 րոպեին Արգավանդից Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում ավտովթար էր եղել: Արարատի մարզի Խաչփար գյուղի ճանապարհին միմյանց էին բախվել 2 մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենաներ։ Քիչ հեռու` հարևան Ազատաշեն գյուղում, նույնպես 2 մեքենա վթարի էին ենթարկվել: