Քաղաքագետին ու պատգամավորին հաշտեցրել է Ծառուկյանի գործոնը (տեսանյութ)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու ԱԺ ԲՀԿ պատգամավոր, «Չերրի» ռեստորանային համալիրի սեփականատեր Վահան Կարապետյանը հաշտվել են։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց անձամբ քաղաքագետը՝ հավելելով, որ հաշտությունը երեկ է տեղի ունեցել։ Նրանց միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել մեկ ամիս առաջ։ Պատգամավորը հարվածել էր Սուրեն Սուրենյանցի ձախ աչքին։ «Ես ի սկզբանե հակված չեմ եղել այս միջադեպը հրապարակայնացնել, հակված չեմ եղել, որ պարոն Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում լինի։ Մեզնից անկախ հանգամանքներում եւ հրապարակայնացվեց, եւ քրեական հետապնդում եղավ։ Ի սկզբանե, ես ասել եմ, որ պարոն Կարապետյանի դեմ ոչինչ չունեմ, բացի նրանից, որ փոխհատուցվի այն ծախսերը, որ պետք են իմ առողջությունը վերականգնելու համար։ Քանի որ դա կատարվել է, ես բողոքի առիթ չեմ տեսնում, մի խոսքով՝ մենք հաշտվել ենք, ես բողոք չունեմ։ Ամեն ինչ նորմալ է, համարենք միջադեպ էր, որը անցած-գնացած մի բան է»,-ասաց պարոն Սուրենյանցը։ Քաղաքագետի խոսքերով, հաշտության գործում կարեւոր դեր է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործոնը. «Որովհետեւ պարոն Կարապետյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, ես մտերիմ հարաբերություններ ունեմ պարոն Ծառուկյանի հետ, մի խոսքով հաշտությունը եղավ փոխադարձաբար»։ Այս պահին Սուրեն Սուրենյանցը առողջական բողոքներ չունի, վերականգնողական փուլում է, տեսողությունը վերականգնվում է։ «Ես գերադասում եմ նորմալ մարդկանց հետ մտերմություն անել, ոչ թե առճակատման մեջ գտնվել»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։