Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կդատե՞ն Կիվիրյանին

Հասարակություն
777ab646447c78471f0f1680a64289ef

Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Հատուկ Քննչական ծառայություն։ Նրանք միջնորդել են Կոմիտաս 5-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործը կարճել եւ պատասխանատվության ենթարկել այն ոստիկանին, ով Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն է գործադրել։ «Համոզված ենք, սակայն, որ միջնորդությունը մերժվելու է»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։ Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել միանգամից երկու՝ ոստիկանի նկատմամբ բռնության եւ սուտ մատնության հոդվածներով։ Սակայն նախաքննության ավարտից առաջ սուտ մատնության հոդվածը հանվել է։ «Յուրաքանչյուր իրավաբան, ով մի քիչ իրավաբանության հետ կապ ունի, կասեր, որ այդ հոդվածով հնարավոր չէր մեղադրանք առաջադրել Արգիշտի Կիիվիրյանին։ Ինչ վերաբերում է 316 հոդվածին, ապա այն վիճարկելի է, այսինքն՝ փաստերի հիման վրա պետք է հիմնավորվի 316 հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության փաստն առկա՞ է, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ անպայման գործը կուղարկեն դատարան եւ կփորձեն ակնհայտ դատական ակտ պոկել դատարանից»,- նշեց նա։ Փաստաբանի խոսքերով՝ իրենք պայքարելու են, որ արդարացման դատական ակտ կայացվի, եւ բռնություն գործադրած ոստիկանը պատասխանատվության ենթարկվի. «Եթե ՀՀ պետական մարմինները՝ դատարանները, դատախազները, ոստիկանությունը իրենց մեջ ուժ գտնեն հասկանալու, որ ընդդեմ ՀՀ-ի՝ որոշումները բավարար են արդեն, միգուցե իրենք արդարադատություն իրականացնեն, եւ մենք էլ հասնենք հաջողության»,- եզրափակեց փաստաբան Լուսինե Սահակյանը։