Արա Զոհրաբյանն ամփոփեց հարյուր օրը (տեսանյութ)
Փաստաբանների պալատը պատերազմ է հայտարարել միջնորդ փաստաբաններին։ «Ամեն կերպ պայքարելու ենք, սակայն հստակ ապացույցներ պետք է ունենանք, քանի որ հանցագործությունը շատ ծանր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` միաժամանակ ավելացնելով, որ միջնորդ փաստաբանը չի կարողանում աճել եւ մտածում է միայն գումարի մասին: Նրա խոսքերով` ասենք ԱԱԾ-ի գործերով միշտ զբաղվում է մի փաստաբան, որը նախկինում եղել է այնտեղի աշխատակիցը: Փաստաբանների պալատի նախագահը այսօր ամփոփում էր իր պաշտոնավարման հարյուր օրը: Այս հարյուր օրվա ընթացքում նա երբեմն մտածել է, թե իզուր է ստանձնել պաշտոնը, սակայն հիմա կամաց-կամաց իրավիճակը փոխվել է: Անդրադառնալով հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությանը՝ Արա Զոհրաբյանը նշում է, որ մարզերում փաստաբանների վիճակը այդքան էլ լավ չէ, նրանք չունեն գրասենյակներ, եւ շատերին փոխհատուցումը կատարվում է բնամթերքով։ Փաստաբանների պալատն այս հարցով դիմել է մարզպետարաններին եւ քաղաքապետարաններին` անվճար սենյակներ տրամադրելու համար: «Հոգեբանորեն ձեւավորված է այն կարծիքը, որ ինչը անվճար է, դա որակով չէ. հիմա փորձում ենք այդ բարդույթը վերացնել եւ հանրային պաշտպանությունը լինի բարձր որակով»,- ասաց փաստաբանների պալատի նախագահը: Ի դեպ, առաջիկայում ավագ դպրոցներում, ինչպես նաեւ զորամասերում նախատեսվում են դասընթացներ, որպեսզի իմանան, որ փաստաբանը ինտելեկտուալ անձ է: