Սեյրան Օհանյանը՝ թշնամու գործողությունների մասին (տեսանյութ)
Մինչ կառավարության նիստը սկսելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց ներկայացնել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպը. «Ցավով պետք է նշել, որ մեկնաբանություններ լինում են, որոնք իրականության հետ կապ չունեն, և օգտակար կլիներ, որ դուք տեղեկատվություն տրամադրեք»: Սեյրան Օհանյանն էլ ներկայացրել է, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը անհաջող փորձից հետո հակառակորդը կրեց կորուստներ և վնասներ ու հետ քաշվեց սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ. «Ադրբեջանական դիրքերում այսօր լարվածություն կա, խուճապահար են` մտահոգված լինելով, որ արժանի հակահարված կստանան, և այդ խուճապն արտահայտվում է ոչ միայն ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում արտահայտված կրակոցներով: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, միայն պատասխանում են կանոնավոր կրակահերթերին և դիպուկահարների կրակոցներին»: Նա վստահեցրել է, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, երբևիցե մտահոգություն չպիտի լինի մեր հայրենակիցների մոտ, քանի որ մեր զինծառայողներն ինչպես կատարել են իրենց ծառայությունը, այնպես էլ կատարում են: