Երբ եւ ում հետ է լուսանկարվել վարչապետը
Վարչապետը պարբերաբար մասնակցում է տարբեր միջոցառումների, որոնց ժամանակ միշտ լինում են մարդիկ, որոնք ցանկություն են հայտնում լուսանկարվել նրա հետ: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը` անդրադառնալով մամուլում հրապարակված լուսանկարներին, որտեղ վարչապետը լուսանկարվել էր թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ, ազգայնամոլ Հասան Օքթայի հետ:
«Նույնիսկ փողոցում մոտենում են վարչապետին ու խնդրում լուսանկարվել: Այդ ժամանակ վարչապետը երբեք չի մերժում, քանի որ դա բարեկրթության սահմաններում է:
Հիմա այս պարագայում զարմանալի է, որ ինչ-որ բաներ են փորձում կապել, քանի որ հերթական միջոցառման ժամանակ ինչ-որ մեկը մոտեցել է ու խնդրել լուսանկարվել: Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա»,-ասաց նա
Հարություն Բերբերյանը վստահեցնում է` վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղյակ չի եղել` ում հետ է լուսանկարվում այդ պահին. «Երբ ինչ-որ մեկը մոտենում է վարչապետին եւ խնդրում լուսանկարվել, ինչքանո՞վ է էթիկայի մեջ մտնում այդ պահին մարդուց անձնագիրը վերցնել ու ստուգել` ով է»:
Իսկ թե ով եւ ինչ նպատակներով է ՀՀ-ում եղել այդ մարդը, վարչապետի մամուլի խոսնակը կարծում է, որ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով` վարչապետի հետ լուսանկարներն արվել են 2008թ. անցկացված «Երիտասարդ սերունդը ինքնանույնականացման որոնումներում» միջազգային երիտասարդական-կրթական գիտաժողովին։
Նշենք, որ «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ, ազգայնամոլ Հասան Օքթան լուսանկարվել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ եւ հայ հասարակական-քաղաքական գործիչների հետ: Հիշեցնենք, որ ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» նպատակը Մեծ Թուրանի ստեղծումն է, որը կձգվի Արեւմտյան Չինաստանից մինչեւ Ադրիատիկ ծով, իսկ հյուսիսում` մինչեւ Ֆինլանդիա: Որոշ տեղեկություններով` «Գորշ գայլեր»-ն իրենց թիրախում են պահում Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ու հատկապես հայերին ու հույներին: