Երբ դիպլոմն ուղղակի թղթի կտոր է
«Լավ կլինի այդ հարցը Աշոտյանին տաք»,- սա Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի պատասխանն է այն հարցին, թե արդյոք ճիշտ է 2015 թ.-ից երեխաների պլանշետներով դպրոց հաճախելը։ Նրա խոսքերով՝ պլանշետները արտերկրում լայնորեն կիրառվում են։. «Բայց ի՞նչ էֆեկտ կտա, դժվարանում եմ ասել, դա մի երկու տարի պետք է օգտագործվի եւ կերեւա ի՞նչ է լինելու»,- «Ա1+»-ին ասաց նա։ Պատասխանելով մեր մյուս հարցին նա նկատեց, թե Հայաստանում գիտական թեզեր պաշտպանողների թիվը անհամեմատ ավելացել է. «Տարեկան 300-350 թեզեր կարելի է որակյալ անել։ 500, 600,700 դրանք ուռճաչված թվեր են եւ իրականացված բարեփոխումները նպատակ են հետապնդում, որ ցածր մակարդակի թեզերը չմտնեն պաշտպանության»։ Գիտության պետական կոմիտեի նախագահը գիտության դոկտոր է դարձել 1992 թ-ին։ «Եթե դիպլոմը չի ավելացնում քո գիտական պոտենցիալը, հեղինակությունը, այդ դիպլոմը ուղղակի թղթի կտոր է։ Ես գիտությունից եմ եկել, ինձ համար շատ հարցեր խորթ են, չեմ հասկանում, թե որոշ մարդիկ ինչու են ուզում այնպայման գիտության թեկնածու դառնալ, այդ թղթի կտորը ստանան, կամ դոկտոր դառնան, դժվար է ինձ այդ հարցին պատասխանելը»,- եզրափակեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սամվել Հարությունյանը։