«Բանակը մեր բոլոր կառույցներից ամենակայացածն է»
Արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանի թոռներն այսօր նշելու են բանակի տոնը: «Անկեղծ ասած, իմ ընտանիքում բանակայիններն արդեն գնացել-եկել են, նոր մարդ չունեմ բանակ ուղարկելու և ուրախանում եմ, որ տան երիտասարդները ընկերական շրջապատում էդ օրը նշում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դերասանը: Երվանդ Մանարյանի գնահատմամբ՝ այսօր բանակը հանրապետությունում գործող բոլոր կառույցներից ամենակայացածն է, և բանակում կարևորագույն խնդիրները եթե լիովին լուծված չեն, ապա լուծվելու ընթացքում են: Անդրադառնալով բանակում արձանագրվող մահվան ելքով դժբախտ պատահարներին՝ Երվանդ Մանարյանը կարծիք հայտնեց, որ այդ պատահարները հասարակությունից են գնում բանակ: «Բոլորովին ուրիշ խնդիր է, որ բանակը մեկ կարողանում է դրանից հախից գալ, մեկ չի կարողանում: Հասարակությունն է էդ բանակը ծնել, բանակը չի հասարակություն ծնում: Մենք մեր ընտանիքում ինչպիսի երեխա որ դաստիարակում ենք, էդ դաստիարակությունը հետո գնում է բանակ»,- ասաց Երվանդ Մանարյանը: Նրա կարծիքով՝ անառողջ հասարակությունը ոչ մի բանի պետք չէ: Պատասխանելով մեր դիտարկմանը, որ շատ են դեպքերը, երբ հրամանատարները, զուտ բանակայինները և ոչ թե շարքային զինծառայողներն են դժբախտ դեպքերի պատճառ դառնում՝ դերասանն ասաց, որ հրամանատարը ևս «մեր ընտանիքներում դաստիարակված մարդ է»: «Նախ պետք է մեր ընտանիքները առողջ լինեն, որ նրանք կարողանան առողջ մարդ ուղարկել բանակ: Մենք, ցավոք սրտի, մեր հասարակությունն ավելի բարվոք աստիճանի բարձրացնելու վրա մի քիչ քիչ ենք աշխատում»,- կարծիք հայտնեց Երվանդ Մանարյանը: