Ատկատը՝ շարժիչ ուժ. ՍԴ-ի վրա կարող է ազդել Սերժ Սարգսյանը (տեսանյութ)
ՍԴ-ի` երկու ամսով պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը կասեցնելը ոչինչ չի նշանակում` ասում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը. «ՍԴ-ն պետք է ինչ- որ վճիռ կայացներ: Կառավարությունը լուրջ հաշվարկներ ունի կուտակվելիք գումարի հետ եւ իր ծրագրերում ներառել է: ՍԴ-ն դժվար թե հակասահմանադրական ճանաչի այս օրենքը, սա կնշանակի, որ կառավարության ոտքի տակի հողը ընդհանրապես կտանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ ավելացրեց, որ դա բարդ տերմիններով հագեցած օրենսդրություն է, եւ ՍԴ-ի որոշումը մեծամասամբ կախված է այն հանգամանքից, թե հասարակական ինչ ճնշում կլինի: Նրա խոսքերով` պետք է օգտագործվեն պայքարի բոլոր միջոցները: «Օրենքը տարածվում է 240 հազար անձի վրա, եթե երեսուն տոկոսը դուրս գա փողոց, ապա էապես ինչ- որ բան կփոխվի»,- ասաց նա: Փաստաբանի խոսքերով` այս օրենքով պետությունը իրեն, ինչպես նաեւ շատ մարդկանց մղում է ստվեր: Իսկ Անահիտ Բախշյանն էլ ավելացրեց, որ ատկատը դրվում է տնտեսական հարաբերությունների հիմքում որպես շարժիչ ուժ: Նրա խոսքերով`շատերն էլ փողոց դուրս չեն գալիս, քանի որ վստահության պաշարը զրո է, իսկ հասարակության մի մասն էլ նույնիսկ ինքն իրեն չի վստահում: Անահիտ Բախշյանի ասածը հաստատելով` փաստաբանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե այս ռեֆորմը տարիներ հետո պատմական է դառնալու. «Շատ-շատերը փորձել են լավ բան անել, բայց ստացվել է ինչպես միշտ»,- ասաց նա: Միաժամանակ վերջինս հիշեցրեց, որ ՍԴ որոշման վրա կարող է ազդել միայն Սերժ Սարգսյանը: