Ինչի՞ համար են բուհական խորհուրդները
Բուհերի խորհուրդները գործում են միայն մեկ նպատակի համար, որպեսզի Հանրապետական կուսակցության իշխանությունը պահեն. Մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։ «Չի կարող հանրապետության նախագահը դառնալ բուհի խորհրդի նախագահ եւ աշխատել, դա ձեւական պաշտոն չէ, դա պետք է լինի մարդ, ով կրթության խնդիրները առնվազն գիտի»,- համոզված է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը։ Նրա խոսքերով՝ խորհրդի նախագահները լուծման ձեւեր, եղանակներ պետք է առաջարկեն՝ միաժամանակ լինելով կրթության կազմակերպիչներ։ «Թե չէ վարչապետը մի բուհի, Հովիկ Աբրահամյանը մի բուհի խորհրդի նախագահ է, դրանք քաղաքականացված մարմիններ են, ինչն օրենքին դեմ։ Օրենքով կրթությունը պետք է զերծ լինի քաղաքական քարոզչությունից»,- ավելացնում է կրթության ոլորտի փորձագետը։ Նրա խոսքերով՝ խորհրդի անդամներ էլ ընտրվում են այնպիսի մարդիկ, ովքեր օգնելու են ընտրվել այն ռեկտորին, ով իրենց կլանի անդամ է։ Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանինը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանինը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանինը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանինը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանինը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, իսկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ Բուհական խորհրդի նախագահներն ընտրվում են 5 տարի ժամկետով։ Հիշեցնենք՝ բուհական խորհուրդները ձեւավորվեցին 2005 թվականից, երբ բուհերը դարձան ՊՈԱԿ-ներ։ Խորհուրդների առաջին գործը եղավ ռեկտոր ընտրելը եւ արդեն 65 տարին լրացած ռեկտորներին աշխատանքից ազատելը, ինչպես պահանջում է ՊՈԱԿ-ների մասին օրենքը։