Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետը կասկածվում է պետական դավաճանության մեջ

Պաշտոնական
05b91be2e84fa9b876bee98bba06a653

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 31-ին ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևանի բնակիչ 61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը: «Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խաչիկ Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013 թվականի օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ` առաջարկելով իր ծառայությունները, - ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:-Խաչիկ Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խաչիկ Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ-ի մարմինների կողմից»։ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Պետական դավաճանությունը») 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Ոստիկանության գնդապետին սպառնում է 10-ից մինչև 15 տարվա ազատազրկում: