Հանդիպում Վենետիկի հանձնաժողովի հետ
2014 թվականի փետրվարի 6-ին և փետրվարի 7-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպումը «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են կազմակերպվել հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրների շուրջ. ա. Իրավունքի գերակայության իրացման սահմանադրական մոտեցումները (զեկուցող` Գ. Հարությունյան). բ. Իրավունքների դասակարգումը և սահմանափակումները (զեկուցող` Գ. Մուրադյան). գ. Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները (զեկուցող` Դ. Հարությունյան). դ. Ընտրական համակարգի մոդելի ընտրությունը (զեկուցող` Հ. Թովմասյան). ե. Հանրաքվեի ինստիտուտը (զեկուցող` Գ. Դանիելյան). զ. Սահմանադրության կառուցվածքը (զեկուցող` Գ. Հարությունյան): Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հաջորդ աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մարտի 20-ին: Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն