«Մենք իրավունք չունենք դանդաղելու» (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԵԿՄ համագումարին խոստացավ ամեն ինչ անել՝ ավելի ամուր դարձնելու համար հայ ժողովրդի բոլոր հատվածների անքակտելի միասնության բոլոր հիմքերը. «Քանի որ դա է ՀՀ ապագայի հզորությունը ու արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու գրավականը: Շնորհակալ ենք ԵԿՄ-ից, որ դժվարին պահերին մեր կողքին է եղել: Մենք իրավունք չունենք դանդաղելու զինվորի ու կամավորականի միավորման քաjլերում»: Նա տեղեկացրեց, որ ամռանը տեղի է ունենալու երիտասարդ սպաների համագումարը եւ բոլորին հրավիրեց համագումարին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը համագումարին ընթերցեց ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ի դեպ, մինչ համագումարի սկսվելը նա «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ակնկալիքներով է եկել, որ ինչպես եղել է նախկինում, այնպես էլ հիմա երկրապահները կլինեն հայրենիքի պաշտպանության առաջամարտիկները: Ինչ վերաբերում է շփման գծում իրավիճակին, ապա նախարարը վստահեցրեց՝ իրավիճակը նորմալ է, եւ իրենց զինված ուժերն ամեն ինչ անում են՝ պահպանելու խաղաղությունը: Ինչ վերաբերում է ԼՂ համակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, որոնք, ըստ էության, էական տեղաշարժեր չեն արձանագրում, Մովսես Հակոբյանը նշեց, որ բանակցություններով զբաղվում են քաղաքական գործիչները. «Մենք մեր առաքելությունն ենք իրականացնում՝ մեր ժողովրդի անվտանգությունն ենք ապահովում»: