Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չգիտեի, որ դժգոհողները 80 տոկոս են» (տեսանյութ)

Տնտեսություն
cbf40b4204d6db141b0e6b115d30bf67

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին չի մտահոգում ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնությունը` անվստահություն հայտնել Կառավարությանը. «Դա 4 ուժերի սահմանադրական իրավունքն է»: Այնուհետեւ նա անդրադարձավ իր այն հայտարարությանը, թե ՄՄ մտնելուց հետո առավելագույնը մեզ կսպասվի 1,4 տոկոս գնաճ, մինչդեռ Սերժ Սարգսյանը ԵԿՄ 10-րդ համագումարին հայտարարել էր, որ ոչ մի գնաճ էլ չի լինի: «ՀՀ-ում հիմա էլ գնաճ կա` 5 տոկոսի շրջանակներում: Եթե չեմ սխալվում` Սերժ Սարգսյանը բացառեց որեւէ արտառոց գնաճի երեւույթը, ես համամիտ եմ նրա հետ»: Ինչ վերաբերում է ՄՄ մտնելիս արտահանվող եւ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերին, ապա նախարարը նշեց, որ հանդիպել են բոլոր ոլորտների գործարարների հետ ու քննարկել այս հարցը. «Ես միանշանակ կարող եմ ասել, որ նման տեղեկատվություն այսօր չունենք, որ անպայման որեւէ ապրանքի մաքսատուրք բարձրանալու է: Ինչ վերաբերում է վերջնաժամկետներին, ապա ուզում եմ ասել, որ դա առաջիկա մեկ-երկու ամիսների խնդիր է ու մենք հետ չենք մնում ժամկետներից»: Ինչ վերաբերում է նույն ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին, ապա նախարար Ավանեսյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը բավականին հանգամանալից է ներկայացրել խնդիրը. «Կարծում եմ` դրանք այնպիսի բարեփոխումներ են, որոնք պետք է անցնեն բավականին լուրջ ճանապարհ, եւ անպայման լինում են փորձեր` ներկայացնելու դրանք վատ տեսքով: Եթե չլինի լուրջ կամք, ապա այդ բարեփոխումները կարող են իսկապես պրավալի ենթարկվել: Բացառվում է, որ բարեփոխումներից դժգոհներ չլինեն, սակայն ես իսկապես չգիտեի, որ դժգոհողները 80 տոկոս են»: