«Բյուջե այլեւս չկա». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Ցանկացած շարժում, որ կուզենա ազատվել այս իշխանությունից «Ազատություն» կուսակցությունը կմիանա նրանց։ Այս կոչով սկսեց իր ելույթը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նա իր հետ բերել էր 2008 թ. Սերժ Սարգսյանի նախընտրական բուկլետը, որտեղ գրված էին նրա խոստումները. «Նա ասել էր, որ ՀՆԱ-ն պետք է կրկնապատկվեր, նա խոսք էր տվել, որ աշխատավարձերը կկրկնապատկվեն, բայց արդյունքում 40 տոկոսով գները բարձրացրեց, ու 5 տարում երկիրը մենակ հետ գնաց»։ Հրանտ Բագրատյանը Հայաստանը համեմատում է ծակ տակառի հետ. «Ոնց Ռուսաստանից գալիսա փողերը, նենց էլ գնումա հետ»։ Նա անդրադարձավ նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ ողջունելով «Դեմ եմ» շարժմանը. «Սերժ Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը ասում են վատ ենք անո՞ւմ, որ ձեր մասին, ձեր բարեկեցության մասին մտածում ենք։ Ժողովուրդ ջան, սա հիմարություն է, էսպես չեն մտածում մարդու մասին։ Տո էդպիսի բարեկեցությունը թող իրանց գլխին կպնի»։ ՀԱԿ պատգամավորի համոզմամբ՝ բյուջե այլեւս չկա, դրա համար որտեղից ոնց պատահի հավաքում են այդ գումարները. «45000 խանութ է փակվել, որի դիմաց բացվել է 20 սուպերմարկետ։ 50,000 մարդ էր զբաղված այդ խանութներում, թողել գնացել են երկրից»։ «Ճզմելու, գռփելու վրա է ամեն ինչ հիմնված,- եզրափակելով իր ելույթը ասաց Հրանտ Բագրատյանը եւ հավելեց. «Եթե թողնեն, որ լավ ապրեք, ձեզ մարդ կզգաք, իսկ եթե մարդ զգաք՝ դեմոկրատիա կուզեք, սա իրենց ձեռնտու չէ։ Չեն թողնի»։