Որոտանի վաճառքը՝ դարի հանցագործություն. Լ. Տեր-Պետրոսյան (տեսանյութ)
«Արդեն 5-րդ անգամն է, որ մենք նշում ենք Մարտի մեկի ոճրագործության տարելիցը, բայց ցավով պետք է նշենք, որ դեռ բացահայտված չէ»,- այսպես իր ելույթը սկսեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա դիմեց հավաքածներին՝ ասելով, որ Մարտի մեկը ողջ ազգի հավաքական ողբերգությունն է. «Թող ոչ ոքի չթվա, թե Մարտի մեկի հարցը իրեն չի վերաբերում»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ Մարտի մեկի լիակատար բացահայտումը եղել եւ մնալու է ՀԱԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ վերջերս զգալիորեն թանկացան գազի ու էլեկտրաէներգիայի վճարները՝ ավելի վատացնելով առանց այդ էլ թշվառացած մարդկանց վիճակը։ Հիշեցրեց նաեւ, որ Երևանի քաղաքապետարանի եւ ԱԺ-ի մակարդակով որոշումներ կայացվեցին տրանսպորտի գնի թանկացման եւ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին, ու զգուշացրեց ժողովրդին. «Չնայած ժողովրդի պահանջով ժամանակավոր կամ մասամբ կասեցվեցին այս որոշումները, բայց դա չի նշանակում, որ առաջին հնարավորության դեպքում նրանք դա չեն անելու»։ «Որոտան» Կասկադի վաճառքով Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը, համոզված է նա. «Սա ոչ այլ ինչ է, քան դարի հանցագործություն»։ Մի քանի ամիս առաջ ՀՀ-ն երդվյալ եվրոպամետ էր, իսկ հիմա երդվյալ ռուսամետ է՝ ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը ու հավելում. «Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը գավառամտություն է։ Հարցը այն չէ, որն է լավ, որը վատ, հարցն այն է, որ Հայաստանը Մաքսային միություն մտնում է ոչ թե որպես գործընկեր, այլ որպես ձայնազուրկ»։ Լևոն Տեր-Պետրոսյանը մեջբերեց գեներալ Մանվելին. «Փառապանծ գեներալի բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա»;