Սկանդալ՝ Փոխադրողների միության նախագահի ասուլիսին (տեսանյութ)
«100 դրամով ուղևորափոխադրումներ իրականացնելը անհնար է: Այլևս հնարավոր չի աշխատել»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նա նշեց, որ ուղևորափոխադրող որոշ ընկերություններ արդեն լուծարվել են կամ սնանկ ճանաչվելու գործընթացում են: 23 երթուղի արդեն իսկ չէր սպասարկվում: Դրանց ավելացել է ևս 7 երթուղի: Ընկերություններն իրենց երթուղիների մի մասից հրաժարվել են, որպեսզի սպասարկեն մնացած երթուղիները, քանի որ այդքան մեքենա չեն կարողանում դուրս բերել երթուղի: «Մենք ուզում ենք, որ 150 դրամ վճարեն ուղևորները, և 50 դրամ մեզ տան դոտացիա»,- ասաց Հրանտ Եղիազարյանը: Նա և ասուլիսին ներկա մյուս ուղևորափոխադրողները հավաստիացրին, որ իրենք առաջարկել են իշխանություններին, որ ուղեվարձը մնա 100 դրամ, իսկ մյուս 100 դրամը սուբսիդավորի պետությունը, սակայն մերժում են ստացել: Նաև առաջարկել են լիմիտավորել գազը, դիզվառելիքը, անվադողերը և ուղևորափոխադրողներին վաճառել ինքնարժեքով, սակայն նորից մերժվել են: Առաջարկել են փոխադրող կազմակերպություններին ազատել հարկերից, քանի որ այդ հարկերը մի կաթիլ էլ չեն հարկային օվկիանոսում, բայց այդ առաջարկն էլ իշխանությունները չեն ընդունել: Եղիազարյանն ասաց, որ ուղևորափոխադրողներն, ամբողջ ձմեռ այդ վնասներից տուժելով, սպարկել են բնակչությանը, սակայն արդեն հասել են այն վտանգավոր կետին, երբ 100 դրամ ուղեվարձի պարագայում այլևս չեն կարող աշխատել: Հրանտ Եղիազարյանն ասաց, որ այս խնդրով դիմել են երկրի նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետին նամակով, սակայն հանձնաժողովն իրենց չի լսում: «Ապրիլի 4-ին գումարվելու է հերթական նիստը, և կարծում ենք, որ այդ նիստի ժամանակ մեզ կասեն, թե ինչ թվերի վրա են դուրս եկել»,- աաց բանախոսը: Նա հավելեց, որ դեկտեմբերին անկախ կազմակերպությունը Երևանի բոլոր երթուղիներում անցկացրել է համատարած ստուգումներ և հավանաբար պատրաստ է հայտնել, թե որքան է ուղևորահոսքը Երևանում մեկ օրվա ընթացքում: Ուղևորահոսքը և ծախսերը համադրելու դեպքում պարզ կդառնա, թե որքան կլինի 1 ուղևորի փոխադրման արժեքը: «Մենք վախենում ենք՝ այնքան բարձր լինի, որ մենք դրանից շատ վախենանք, որովհետև մենք գիտենք՝ մեր ազգաբնակչության վիճակը ինչպիսին է, մեր ուղևորների մեջ կան խոցելի խավի ներկայացուցիչներ»,- ասաց Հրանտ Եղիազարյանը: Ուղևորափոխադրողները դժգոհեցին, որ 2008 թվականի համեմատ 1 լիտր դիզվառելիքի ինքնարժեքը բարձրացել է մոտ 3 անգամ, և առհասարակ միակ բանը, որն այս տարիների ընթացքում չի թանկացել Հայաստանում, ուղեվարձն է: «Թող իշխանությունները դոտացիա տան, մենք էլ 100 դրամով աշխատենք»,- ասաց ուղևորափոխադրողներից մեկը: «Դուք ուզում են եվրասպասարկում Սոմալիի գներով»,- նշեց «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ տնօրեն Լյուդվիգ Պողոսյանը: