Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի փակված ճանապարհահատվածը երթևեկելի է(թարմացվում է)
Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի փակված ճանապարհահատվածը երթևեկելի է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում փլվածքի պատճառով փակված ճանապարհահատվածը մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն ------------------------------- Թալին - Անի ճանապարհահատվածը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի հատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից և որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Տեղերում աշխատանքների ընթացքը համակարգվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով և պարբերաբար զեկուցել իրականացված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև լրացուցիչ մեքենասարքավորումներ: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ընթացքը պահել անձնական հսկողության տակ և տեղերում հետևել դրանց պատշաճ կազմակերպմանը: Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է զուգահեռաբար կազմակերպել մայթերի մաքրման աշխատանքներ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է, փողոցների երթևեկելի հատվածների ձնամաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, ձեռնամուխ լինել բակային տարածքներում համանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Երևան-Սևան, Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Սպիտակի ոլորանները, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Քաջարան-Մեղրի, Սևան-Վարդենիս, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին, Վայք-Սիսիան, Վայք-Սարավան, Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Շաղափ-Լանջանիստ, Ջիլիզա-Շամլուղ-Ծաղկաշատ ավտոճանապարհները, Արարատի մարզի Ուրցալանջ, Վարդաշատ, Լանջար գյուղերի, Շիրակի մարզի Քարաշեն գյուղի համայնքային ավտոճանապարհները: Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ, ճանապարհահատվածները ավտոճանապարհները, Լանջար գյուղի համայնքային և Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: