Հայտնի «Դելֆիի» խմբագիրը համարում է «փող կորզելու նախադեպ» (տեսանյութ)
Ընթերցողը պետք է հնարավորություն ունենա՝ հրապարակման տակ թողնելու իր մեկնաբանությունը։ Տալլինում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Դելֆի» ինտերնետային պորտալի գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը. «Մեկնաբանությունները չպետք է փակել»: Նրա տեսակետը չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պորտալին տուգանեց մեկնաբանություններից մեկի համար։ Արեւելյան գործընկերության էստոնական եւ Երեւանի ԵՄ կենտրոնների նախաձեռնությամբ Տալլին ժամանած հայ լրագրողներին «Դելֆիի» խմբագիրն ասում է՝ մեկնաբանություն թողնելը մարդու խոսքի ազատության դրսեւորում է եւ ոչ միայն. « Եթե, օրինակ , դուք գիտեք կոռուպցիայի մասին, բայց չեք ցանկանում դիմել ոստիկանություն կամ դատախազություն, դուք կարող եք մեկնաբանություն գրել, թե այս կամ այն չինովնիկը այսպիսի վատ բան է արել։ Եվ մենք շատ լուրջ նյութեր ենք պատրաստել, երբ գնացել ենք այդ մեկնաբանությունների հետքերով» «Դելֆին» Եվրադատարանի վճիռը բողոքարկել է ստրասբուրգյան դատարանի Վերին Պալատ, եւ հուլիսին նախատեսվում է գործի լսումը։ Ուրմո Սոոնվալդը հույս ունի, որ իրենց հայցն այս դեպքում կբավարարվի, քանի որ «մեկնաբանության համար լրատվամիջոցից գումար կորզելը» կդառնա վատ նախադեպ բոլոր երկրներում։ Նա շարունակում է պնդել՝ պատասխանատուն մեկնաբանություն գրող ընթերցողն է. «Մեղավորը պորտալը չէ»։ «Դելֆին» ամիսը 3000-ից ավելի մեկնաբանություն է ստանում, եւ միշտ էլ ինչ-որ մեկը կարող է գտնել ոչ դուրեկան բան եւ դատի տալ։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» կամ այսպես կոչված՝ «ֆեյքերի» մասին նախագծի հեղինակներն անընդհատ մեջբերում են «Դելֆինն ընդդեմ Էստոնիայի» գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշումը։ Ըստ հայ պատգամավորների՝ իրենց առաջարկած կարգավորումն ավելի մեղմ է, քան՝ գործի որոշումը: Կարինե Ասատրյան Տալլին